Ամերիկացիները որոշ դասեր պետք է քաղեն հետագայում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: Դրանցից մեկը «ձեռքերը պարտադիր լվանալն է», հայտարարել է Սպիտակ տան Կորոնավիրուսի հարցով խմբի անդամ, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Wall Street Journal-ը:

«Երկրորդը՝ ձեռքսեղմումներից հրաժարումն է: Ես չեմ կարծում, որ մենք երբեւէ կվերսկսենք սեղմել միմյանց ձեռքերը, անկեղծ ասած»,-նշել է նա:

«Ձեռքսեղմումներից հրաժարումը օգտակար է ոչ միայն կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու համար, բայց եւ, ըստ ամենայնի, զգալիորեն կարող է կրճատել գրիպի դեպքերը երկրում»,-ասել է Ֆաուչին:

Բժիշկը, հավանաբար, ունի համախոհ այդ հարցում՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, նշում է Fox News-ը:

Վերջին տարիների ընթացքում Թրամփը բազմիցս ասում էր, որ չի ողջունում ձեռքսեղմումները՝ անվանելով այդ սովորությունը «բարբարոսական», «զզվելի», «շատ սարսափելի» եւ «ամերիկյան հասարակության անեծքներից մեկը»: Թրամփը նաեւ քննարկել է ձեռքսեղմումների նկատմամբ իր հակակրանքը 1999 թվականին տված հարցազրույցի ժամանակ CNN-ից Վոլֆ Բլիթցերի հետ: