Կանադայում COVID-19-ի դեպքերի առաջին ալիքը չի ավարտվի մինչեւ ամառ, երկրի բնակիչները ստիպված կլինեն նստել տանը եւ պահպանել սոցիալական հեռավորությունը: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ հավելելով, որ երկիրը չի վերադառնա նորմալ կյանքին, քանի դեռ չի ստեղծվել COVID-19-ի պատվաստանյութը, ինչը կարող է տեւել վեց ամիս, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է բռնկման վաղ փուլում, քանի որ վիրուսը հայտնվել է Կանադայում ավելի ուշ, քան որոշ երկրներում, եւ առաջին ալիքն իր գագաթնակետին կհասնի ուշ գարնանը: Թրյուդոն անվանել է դա «մեր սերնդի մարտահրավեր»: «Դա նոր ստանդարտ է, քանի դեռ պատվաստանյութը ստեղծված չէ»,-ասել է Թրյուդոն: «Դա կզբաղեցնի ամիսներ անդադար, վճռական ջանքերի գործադրման: Մենք պետք է շարունակենք պահպանել սոցիալական հեռավորություն, նստել տանն ու լվալ ձեռքերը»:

Երբ Կանադան հաղթահարի առաջին ալիքը, կվերականգնվի որոշակի տնտեսական ակտիվություն, ասել է նա: «Կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ մեզ պետք է լինել զգոն տարվա կամ կես տարվա ընթացքում»,-ասել է Թրյուդոն: