Սիրելի քաղաքացիներ, ամեն ամսվա սկզբին իմ բանկային հաշվին նստում է մոտ 500,000 դրամ աշխատավարձ։ Դրանից մի երկու օր անց իմ հաշվին նստում է մոտ 150,000 դրամ հանրահռչակ «պարգևատրումը»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։

«Ամսվա առաջին օրերին իմ հաշվին նստում է նաև օրենքով նախատեսված 50,000 դրամ, որը «պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի», օրինակ հավելյալ գրենական պիտույքների կամ մարզային այցելությունների համար է։ Ընդհանուր առմամբ 700,000 դրամ (իմիջայլոց, սա համադրելի է նրա հետ, ինչ ես ամսական վաստակել եմ 2008 թվականից ի վեր՝ ակադեմիական և քաղաքացիական հասարակության ոլորտում աշխատելով)», գրել է Մարիա Կարապետյանը:

Որտեղի՞ց է առաջացել 500,000 դրամը, հարցնում է իշխող խմբակցության պատգամավորը եւ պարզաբանում․

«Այն առաջացել է այսպես կոչված «բազային աշխատավարձի» և այսպես կոչված «պատգամավորի գործակցի» բազմապատկումից։ «Բազային աշխատավարձը» կապ ունի «նվազագույն աշխատավարձի» հետ։ Նվազագույն աշխատավարձը մենք անցած տարի բարձրացրեցինք 55,000-ից 68,000-ի: Նվազագույն աշխատավարձը երկրում թույլատրելի ամենափոքր աշխատավարձն է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի մեկ դրույքի համար։

Բազային աշխատավարձը, որը նվազագույն աշխատավարձի 70%-ից ցածր չի կարող լինել, այս տարի 66,140 է և այն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի որոշման հիմքն է։ Պատգամավորի գործակիցը ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 10 է։ Հետևաբար 66,140 անգամ 10, հանած հարկեր, հավասար է մոտ 500,000», գրել է պատգամավորը:

Իսկ որտեղի՞ց բուսնեց 150,000-ը, հարցրել է Մ․Կարապետյանը․

«Սա հին պատմություն է, և ես այն այսպես եմ հասկանում։ Հին Հայաստանում մի օր պարզ է դարձել, որ x գումարով այլևս նախարարի կամ այլ բարձր պաշտոնի համար մասնագիտական բարձր որակների տեր մարդ չես գտնի։ Նորմալ համակարգում պետք է բարձրացվեր «բազային աշխատավարձը», որը իր հերթին բազմապատկվելով տարբեր գործակիցների հետ՝ կբարձրացներ Նախարարության առաջին կարգի մասնագետից (ում գործակիցը 2.5 է) մինչև Հանրապետության նախագահի (ում գործակիցը 20 է) աշխատավարձը։ Սակայն ինչո՞ւ այդպես անել, եթե կարելի է մոգոնել «արտաբյուջետային ֆոնդեր», որտեղ կուտակվում էին միջոցներ, որոնք բյուջեի մեջ չէին արտացոլվում (օրինակ Պետական եկամուտների կոմիտեն ուներ հսկայական «արտաբյուջետային ֆոնդ», որովհետև օրինակ հարկային կամ մաքսային ստուգումների ժամանակ գանձված տուգանքները չէին գնում բյուջե, այլ մտնում էին այդ ֆոնդ)։ Այս «արտաբյուջետային ֆոնդերը» լայն հայեցողությամբ բաժանվում էին տարբեր մակարդակներում տարբեր մարդկանց տարբեր չափով։ Որոշ մարմիններում այս ամենին գումարվում էին նաև տխրահռչակ «ծրարով գումարները»։

Այս թնջուկը մասամբ լուծելու համար մենք 2018 և 2019 թվականներին փակեցինք գրեթե բոլոր «արտաբյուջետային ֆոնդերը» և դրանք մտցրեցինք բյուջե, ինչպես նաև բյուջեի մեջ պարգևատրման տող սահմանեցինք, որը կազմում է յուրաքանչյուր մարմնի համար աշխատավարձի ֆոնդի 30%-ը», գրել է Մ․Կարապետյանը։

Ազգային ժողովում այս «պարգևատրման ֆոնդը», ըստ պատգամավորի, բաշխվում է բոլոր պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակիցների վրա իրենց աշխատավարձերին համաչափ՝ նմանեցնելով այս վճարները իրենց բուն նպատակին՝ աշխատավարձին։ «Արդյո՞ք սա վերջնական լուծում է։ Կարծում եմ՝ ոչ։

Գուցե հարկավոր է մեծացնել բազային աշխատավարձը կամ գործակիցները՝ այս վճարները իսկապես իրենց ճշմարիտ անունով կոչելու համար։ Սակայն քանի որ այս ամենը խարսխված է նաև նվազագույն աշխատավարձի վրա, ապա իսկապես պետք է գտնել այնպիսի մի լուծում, որը ընդունելի է սոցիալական, իրավական, քաղաքական, էթիկական, բարոյական և մնացած բոլոր առումներով», նշել է Մարիա Կարապետյանը։

Վերջում «Իմ քայլը» խմբակցության անդամմն ավելացրել է․

«Սա էլ ի գիտություն՝

Վերջերս Ազգային ժողովի նախագահի որոշմամբ պատգամավորների, ինչպես նաև Ազգային ժողովի շուրջ 700 աշխատակիցների մարտ-հունիս ամիսների համար պարգևատրման ֆոնդը (և այլ գումարներ ընդհանուր 500 մլն դրամ) ուղղվեց հետ՝ պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով»։

Այս գրամանն ավելի քան 3 տասնյակ արձագանքողներից Սիրանուշ Թարոյանը գրել է․ «Թավշյա հեղափոխությունը հաջողեց, քանզի իր մեջ պարունակում էր շաաատ մեծ սոցիալական կոմպոնենտ։ Մասնավորապես` հարգարժան Վարչապետը սարերի ու ձորերի խոստումներ էր հնչեցնում սոցիալական ամենանցածր ապահովվածության համար, ու դրանով իսկ նա դարձավ բոլորի աչքի լույսը։

Իսկ ի՞նչ արեց նա իրականում։

Այդօրինակ խոստումները մնացին թավշյա հեղափոխության կուլիսների ետևում։

Դիցուք, ընդամենը 30000 դրամ թոշակ ստացող զոհված ազատամարտիկի ընտանիքից կասեցվում է 34000 դրամ փարոսը, որպեսզի հարգարժան տիկին Սոցապ նախարարը ճոխ֊ճոխ պարգևավճար ստանա»:

Հովհաննես Հակոբյան․ «Փաստորեն մինչեւ հեղափոխություն կյանքը Հայաստանում բավականին լավ էր, բազմաթիվ ընդդիմադիրներ կարողանում էին ստանալ միջին աշխատավարձից մի քանի անգամ ավելի գումար, եւ մտածում էին մնացած հասարակ քաղաքացիների մասին, իսկ հիմա երբ ունեն իշխանություն, «չեն պատրաստվում նվիրյալի նման աշխատեն», եւ պետք է ապահովված լինեն բարձր աշխատավարձով»։

Անի Հակոբյան․ «Ձեր այս ցինիզմը վերջ չունի՞։ Նորմալ ժողովրդավարական երկրում մարզային այցելությունների համար պետք է վճարվեք այն դեպքում, եթե այդ այցելությունը կատարել եք, այն էլ որպես գործուղման ծախս՝ օրենքով սահմանված չափով: Հավելյալ գրենական պիտույքները պետք է Ազգային ժողովի աշխատակազմը ապահովի, ձեր հայտի հիման վրա, ոչ թե ստաբիլ գումար ստանաք ,անկախ նրանից պետք է, թե ոչ: Թե՞ ձեռքի ծախսի գումար եք ստանում։  Պարգևատրումն էլ առաջին կարգի մասնագետի նման տարին մեկ անգամ պետք է ստանաք, մեկ ամսվա աշխատավարձի չափով: Դուք առաջին կարգի մասնագետից ոչ շատ խելք ունեք, ոչ էլ նրա չափ աշխատում եք: Միայն ձեր շեֆի հրամանով մեկ-մեկ անկապ խոսում եք, մեկ-մեկ էլ կոճակ եք սեղմում: Այնպես, որ լավ կլինի լռեք: Ասում են ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ եթե դուրներդ չի գալիս գնացեք ակադեմիական և քաղաքացիական հասարակության ոլորտում աշխատեք»:

Մարիա Կարապետյանը պարզաբանել է, որ երկրի ներսում չկա գործուղում, որովհետև, ըստ նրա, պատգամավորի աշխատավայրը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն է։