Քանի որ ամբողջ Ամերիկայում կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով առօրյա կյանքը շրջվել է ոտքից գլուխ, իսկ բիզնեսի զանգվածային փակումը տնտեսությունը գցել է ազատ անկման մեջ, New York Times-ի նախկին թղթակիցներից մեկը տագնապ է ահազանգում՝ ագրեսիվ ռազմավարություն թելադրող մոդելները սխալ համարելով:

Ալեքս Բերենսոնը մի քանի շաբաթ ամեն օր վերլուծել է ճգնաժամի մասին տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ տնտեսության ամբողջական հատվածների փակման ռազմավարությունը հիմնված է մոդելավորման վրա, որը վիրուսի իրողությունների հետ համաձայնեցված չէ, փոխանցում է FoxNews-ը:

Բերենսոնը, որը նախկին թղթակից է, 1999-2010 թվականներին աշխատել է «Թայմսում», հիմնականում զբաղվել է դեղագործական արդյունաբերությամբ եւ վերջերս վերստին հանրահայտ դարձավ իր՝ «Ձեր երեխաներին պատմեք մարիխուանայի, հոգեկան հիվանդություններ եւ բռնության մասին ճշմարտությունը» գրքով:

Բերենսոնը չի հերքում կորոնավիրուսի գոյությունը եւ ազատության սահմանափակման ծրագրերի վերաբերյալ դավադրությունների տեսության կողմնակից չէ: Դրա փոխարեն նա պնդում է, որ ի պատասխան ճգնաժամի գործարկված մոդելները սխալ են, եւ դա օրեցօր ավելի ակնհայտ է դառնում:

«Փետրվարին ես անհանգստացած էի վիրուսի պատճառով: Մարտի կեսին ինձ առավել վախեցնում էր տնտեսության վիճակը: Բայց հիմա ես սկսում եմ իսկապես նյարդայնանալ,- այս շաբաթ գրել է նա իր թվիթերյան էջում: - Դա դժվար չէ: Մոդելները չեն գործում: Հիվանդանոցները դատարկ են: Ինչո՞ւ ենք մենք շարունակ խոսում կարանտինի մասին»:

Հիվանդանոցներն, իհարկե, դատարկ չեն այնպիսի վայրերում, ինչպիսին սաստիկ տուժած Նյու Յորքն է, եւ լուրեր են տարածվել գերծանրաբեռնված բժիշկների ու անհետաձգելի օգնության բաժանմունքների մասին: Բերենսոնը դա խոստովանել է հինգշաբթի տված հարցազրույցում:

Մտավախություններն այն կապակցությամբ, որ այս վիրուսը զգալիորեն ավելի վարակիչ է ու մահացու, քան գրիպի ցանկացած սովորական շտամ, Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում կառավարությունների ներկայիս մոտեցման շարժիչ ուժն է: Ախտանիշները տատանվում են լայն սահմաններում՝ որոշ պացիենտներ հայտնում են միայն աննշան անհարմարավետության մասին, մյուսները ֆիզիկական ուժգին ցավ են զգում, շնչառության դժվարություններ:

Բերենսոնը, սակայն, ավելի լայն հայացքով է նայում: Նա սկզբում մարտահրավեր նետեց Լոնդոնի Կայսերական քոլեջի առաջ քաշած մոդելին: Այս մոդելն օգտագործվում է ԱՄՆ կառավարությանը խորհրդատվության համար՝ կապված վիրուսի վերաբերյալ նրա ռազմավարության հետ:

«Դա մարտի 22-ին կամ 23-ին էր, եւ այդ ժամանակից սկսած ես անհավանականորեն ակնդետ ուշադրություն եմ դարձրել մոդելավորմանը ու փորձել պարզել՝ այն արդյոք համապատասխանո՞ւմ է նրան, ինչը մենք իրականության մեջ տեսնում ենք, եւ պատասխանն է՝ ոչ»,- ասել է նա:

Նա վերջին շրջանում կենտրոնացել է Վաշինգտոնի համալսարանի Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (IHME) մոդելում առկա տարբերությունների վրա: Այս մոդելը կրկնակի հետազոտվել է, քանի որ այն մի քանի անգամ վերանայել է իր ցուցանիշները: Այն սկզբում կանխատեսում էր մահվան 90 հազար դեպք օգոստոսին, բայց վերջերս ներկայացվել է նոր գնահատական՝ 60 հազար: Պաշտոնյաներն ասում են, որ այս մոդելը հաշվարկները կատարում է իշխանությունների գործողությունների հիման վրա:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգներում բժշկական օգնություն ցույց տալու մեր համակարգը բավականին արտասովոր է,- չորեքշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է բժիշկ Դեբորա Բիրքսը: - Ես գիտեմ, որ ձեզնից շատերը նայում են Act Now մոդելը եւ IHME մոդելը, որոնք հետեւողականորեն նվազեցնում են մահացության թիվը գրեթե 90 կամ 86 հազարից մինչեւ 81 հազար, իսկ հիմա նաեւ մինչեւ 61 հազար: Սա մոդելավորված է այն հիմքով, ինչ Ամերիկան անում է: Ահա թե ինչ է տեղի ունենում»:

Բժիշկ Էնթոնի Ֆաուչին ասել է, թե ինդիկատորները ցույց են տալիս, որ սոցիալական հեռավորության պահպանման ջանքերը աշխատում են:

Բայց Բերենսոնը պնդում է, որ այդ մոդելներում արդեն ներառված են սոցիալական հեռավորության պահպանումը եւ այլ միջոցները: Ինչ վերաբերում է հետագա ապացույցներին, ապա նա ասում է, որ այնպիսի վայրերի սահմաններից դուրս, ինչպիսին Նյու Յորքն է, չի եղել առողջապահության ոլորտում կանխատեսված ճգնաժամ:

«Նյու Յորքից բացի, երկրում չի եղել առողջապահության համակարգի ճգնաժամ: Իսկապես ճշմարտացի լինելու համար իրականում առողջապահության համակարգի ճգնաժամ տեղի է ունեցել, բայց ճգնաժամը հանգում է նրան, որ հիվանդանոցները դատարկ են,- ասել է նա: - Այդպես է Ֆլորիդայում, որտեղ կարանտինն ուշացած էր, Հարավային Կարոլինայում, Օկլահոմայում, որտեղ ամբողջ նահանգում կարանտին չկա: Թվում է, թե ոչ մի հարաբերակցություն չկա կարանտինի եւ համաճարակի արագ տարածման միջեւ»:

Նա նաեւ պնդել է, որ տարբեր նահանգներում դեպքերի թվի նվազեցումը տեղի է ունեցել մինչ այն, երբ կարանտինը ազդեցություն գործեց, քանի որ սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումների ընդունման համար պահանջվում է մի քանի շաբաթ՝ վարակման եւ ախտանիշների ի հայտ գալու միջակայքի պատճառով:

Բերենսոնը մոդելները մեղավոր է համարում պատասխան արձագանքման համար, որը փաստացի փակել է տնտեսության խոշոր հատվածներ եւ ամերիկացիներին զգալի ֆինանսական վնաս է հասցրել: Հինգշաբթի հայտարարվել էր, որ գործազրկության նպաստներ փնտրող ամերիկացիների թիվը մեծացել է մինչեւ 6,6 միլիոն:

Բերենսոնն ասում է, որ ճգնաժամի առաջին օրերին ճիշտ պատասխանը կլիներ ավելի հավասարակշռված եւ նպատակաուղղված մոտեցումը: «Աներեւակայելի ճնշում կար, որ ինչ-որ բան արվի, ուստի սկսվեցին այդ բոլոր կարանտինները, ամեն մի նահանգապետ փորձում էր գերազանցել հաջորդին: Եվ ոչ մեկը կանգ չառավ՝ ասելու. «Լավ, ինչ կասեք Ճապոնիայի մասին, նրանց մոտ, կարծես թե, չկա սարսափելի համաճարակը, նրանք դիմակներ են կրում, գուցե մենք եւս պետք է դիմակներ կրենք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ տեղին կլինեին այնպիսի միջոցառումները, ինչպես մարդկանց պաշտպանությունը, հատկապես ռիսկի ենթարկվածների, մեծ հավաքների արգելքը, ինչպիսին են համերգները եւ սպորտային միջոցառումները: Բայց նա հիմա մտավախություն ունի, որ հնարավոր է՝ արդեն չափից ավելի ուշ է պաշտոնյաներին ասել, որ նրանք չափազանց սուր են արձագանքել: