Երեկ հայտնի գրառման շրջանակում ԱԺ փոխնախագահի 500.000 դրամ աշխատավարձը նախարարի համար քիչ լինելու քննարկման ծիրում մի շատ կարեւոր միտք բաց մնաց։ ԱԺ փոխնախագահը կարծում է, թե նախարարի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է, քան ԱԺ փոխնախագահինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Սա շատ ցավալի պնդում է, քանի որ ԱԺ փոխնախագահը միանշանակ կերպով շատ ավելի պատասխանատու պաշտոն է՝ հատկապես խորհրդարանական կառավարում ունեցող երկրում։

Կարծում եմ, այստեղ է թաղված մեր ներկա կառավարման խնդիրներից մեկը, մասնավորապես մեր ներկա իշխանական գործընկերների մոտ կարծիք է ձեւավորվել, որ հենց գործադիրն է, մեր երկրում ուշացած բարեփոխիչն, իսկ ԱԺ-ն հիմնականում քաղաքական մարմին է, երբեմն կառավարության նախաձեռնություններում փոքրիկ «սպռավչկաներ» անելով, կամ կոսմետիկ բարեփոխումիկներ նախաձեռնելով։

Իրականում, շարունակաբար, կառավարության ու վարչապետի աշխատակազմը գնալով թե՛ ԱԺ-ին, թե՛ ՏԻՄ-երի գործառույթները վերցնելով իրենց վրա, թվացյալ կարճ ու արդյունավետ ճանապարհն են ընտրում։

Մի կողմ թողնելով դրանց որակական հատկանիշները ու վերջնարդյունքը, պետք է ֆիքսենք, որ դա ցայտուն հակաինստիտուցիոնալ կառավարման մոտեցում է։ Այսօր ավելի քան երբեւէ ամեն կերպ լուսանցքում են հայտնվում տարբեր ինստիտուտներ, իբրեւ կառավարության շատ «գործադիր» քայլերի համար։

Մի այլ խնդիր է պարգեւավճարների թեման, որի վերաբերյալ քննարկումները գնալով շատանալու ու ավելի անդուր են դառնալու։ Կարծում եմ, օր առաջ պետք է անդրադառնալ այս խնդրին ու վերանայել աշխատավարձերի համակարգը պետական համակարգում՝ ի հաշիվ պետական ծառայողների քանակի կրճատման։ Օրինակ կադաստրում մենք բերափոխումների արդյունքում եթե չեմ սխալվում 50%-ով կրճատելու էինք համակարգի աշխատողների քանակն ու ներդրել էինք աշխատակիցների մոտ 70%-ի համար KPI-ների համակարգ։ Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ...»,– գրել է նա։