Իր Ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ստերի ծավալով Գինեսի ռեկորդ սահմանեց։  Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելի» հաղորդաշարի ընթացքում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«3 ժամ շարունակ նա լուրջ դեմքով ստում էր, մոլորեցնում մարդկանց, հնդկաձավարի ու ոսպի թանկացման հարցին ի պատասխան, ասում էր, թե բենզինն է էժանացել, կարծես բենզինը դրանց փոխարինիչն է։ Ասում էր, թե ընդամենը մեկ միլիարդ դրամի պարգեւավճար ենք տվել, մինչդեռ մենք բացահայտել ենք, որ 27 միլիարդ է մսխվել, ինչը չի հերքվել։ 3 ժամում նա մի քանի ամսվա սուտ խտացրեց», ասել է Ն․Սամսոնյանը։

Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելը, Ն․Սամսոնյանի բնորոշմամբ, Փաշինյանի համար կյանքի ու մահվան հարց է դարձել։ Նա համոզված է, որ Փաշինյանը ոչ մի գնով չի համակերպվի երկրորդ նախագահի՝ ազատության մեջ լինելու մտքին։ Ըստ նրա՝ սա նույնիսկ իրավական հարց չէ, այլ մարդասիրական։

Փաստաբան Միհրան Պողոսյանը, խափանման միջոցը խոցելի խմբերի համար փոխելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի կոչին Հայաստանի իրավապահ համակարգի արձագանքի կապակցությամբ նշել է, որ դատախազությունը շատ զգուշավոր է նախնական կալանքի մեջ գտնվող այլ անձանց խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ անհանգստանում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն կներկայացնեն խտրականությունը մատնանշելով։

Քաղավիացիայում տիրող դրության վերաբերյալ Նարեկ Սամսոնյանն ասել է, որ այդ ամենի պատճառը վատ կառավարումն է․ «Երբ մարդիկ Ֆեյսբուքում բացահայտեցին լիցենզիայից զրկելու մասին Եվրոպայի զեկույցը, իշխանությունը սկսեց հերքել, թե նման բան չկա։ Տաթեւիկ Ռեւազյանը իշխանական լրատվամիջոցով հայտարարեց, թե այդպիսի բան չկա, մեզ չեն զրկել լիցենզիայից եւ այլն։ Իշխանությունը փորձեց ծածկադմփոց անել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ովքեր շահարկում են այս թեման, շատ վատ են անում, բայց խոստովանեց, թե այո, մեզ լիցենզիայից զրկել են։ Իշխանությունը ոչ թե գնում է լուծման, այլ իրականությունը հերքելու ճանապարհով։ Իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականի ժամանակ ասում էր, թե ինքն է ազատել  նրան աշխատանքից, թեեւ այդպես չէ։ Իշխանությունը չի ուզում լուծել խնդիրը, այլ մարդկանց ասում է՝ մի տեսեք խնդիրը։ Լուծումը մեկն է, ինչի մասին ասում եմ արդեն 2 տարի․ ստի, կեղծիքի, վրիժառության իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի», ասել է Ն․Սամսոնյանը։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում է այդ պատկերը․

«Դատաիրավական ոլորտից սկսած, ինչի մասին բարձրաձայնում ենք, իշխանությունը հերքում է, ոչ թե փորձում է լուծել խնդիրը, այլ թիրախավորում է ահազանգը հնչեցնողին։ Լրջագույն կառույցը՝ ԱԱԾ-ն, անլրջացրել է,  սատանաներ փնտրելու հանձնարարություն ու նման բաներ։ Մինչդեռ այդ կառույցը պետք է ապահովի ազգային անվտանգությունը», ասել է Մ․Պողոսյանը։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օտար մարմին է պետական կառավարման համակարգում․ «Հենց համակարգը դիմադրում է վատ կառավարմանը, Փաշինյանը հայտարարում է, թե սաբոտաժ են անում, հենց դադարում է դիմադրել՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Մենք հաջողելու ենք այս օտար մարմինները կառավարման համակարգից դուրս շպրտելու գործում», ասել է Ն․Սամսոնյանը։