Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ մարտի 31-ին այնտեղ կայացած ընտրություններից: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Այս հայտարարությունը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա` Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշել է նա:

«Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից»,- ասել է Զախարովան:

Նշենք, որ Ղարաբաղում ընտրությունների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունները համանախագահներն «ընդունում են ի գիտություն»:

Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են անցկացվել: Դրանց արդյունքների հիման վրա հայտարարվել է երկրորդ փուլի մասին, որը կկայանա ապրիլի 14-ին: