Պետք է ապացուցել մեր կազմակերպության կենսունակությունը, դրա կայացվածությունը ճգնաժամի ընթացքում եւ պատրաստ լինել օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից, որոնք, ակնհայտորեն, առաջանալու են հետճգնաժամային ժամանակահատվածում: Այս մասին ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վիդեոկոնֆերանսի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տնտեսությունը խթանելու եւ ճգնաժամային ծանր երևույթները հաղթահարելու ուղղությամբ, որոնց առաջացումը ոչ ոք այլեւս կասկածի տակ չի դնում:

«Ցավոք, մենք անմիջապես ռեցեսիայի եզրին ենք: Ըստ երեւույթին, դրանից այլեւս անհնար կլինի խուսափել: Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեն այս ճգնաժամի սցենարները, որքան կտեւի պանդեմիան, արդյոք այն ապագայում հետընթացներ կունենա, որքան խորը կլինի ճգնաժամը եւ ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսության պահվածքն այս պայմաններում: Մենք կարծում ենք, որ ի հայտ եկած աննախադեպ պայմաններում, նախեւառաջ, անհրաժեշտ է ապահովել ազատ առեւտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում: Միության ներսում ապրանքների եւ ծառայությունների տեղափոխման սահմանափակումն անընդունելի է, նույնիսկ` համաճարակի պայմաններում: Երկրորդ, չափազանց կարեւոր է պայմաններ ապահովել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար: Այսօր ԵԱՏՄ տարածքում անխափան տրանսպորտային հաղորդակցությունն առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար»,- հավելել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ռուս-վրացական սահմանը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար` այս կապակցությամբ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Կառավարությանը:

«Անհրաժեշտ է արագացնել միջոցառումները ԵՏՄ շրջանակներում առեւտրի մեջ ազգային արժույթով վճարումների մասնաբաժնի ավելացման համար: Համոզված եմ, որ անհրաժեշտ է ամրացնել մեր Միությունը` նույնիսկ համաճարակի եւ աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների ֆոնին: Մենք աջակցում ենք Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների քարտուղարության ներկայացրած համատեղ հայտարարությանը, որը համահունչ է համաճարակի հետ կապված մեր երկրների միջեւ համագործակցության հիմնական խնդիրների մեր տեսլականին»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

Եզրափակելով` Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել այս տարվա աշնանը կայանալիք Միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումը հյուրընկալել Հայաստանում: «Հուսանք, որ մինչ այդ համավարակը հաղթահարված կլինի»,- եզրափակեց նա: