Համաձայնագրի նախագիծն ուղղված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքների միջոցով վտանգավոր թափոնների տարանցման մասով հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության մաքսային գոտու միջոցով վտանգավոր թափոնների տեղափոխման մասին Համաձայնագրի վավերացման մասին» հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:

Նա նշեց, որ նման թափոնների տեղափոխումը կիրականացվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի դեպքում:  

Ընդ որում, փոխանախարարը նշեց, որ նման թափոններ կան Հայաստանի տարածքում, եւ Երեւանի համար այդ հարցն ակտուալ է:  

Ղափլանյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահմաններ չկան, եւ ստիպված են այդ թափոնները տեղափոխել Վրաստանի տարածքով, մինչդեռ Թբիլիսին արգելում է իր տարածքով նման բեռների փոխադրում իրականացնել:

«Այս արգելքը կապված է Վրաստանում համապատասխան օրենսդրության առկայությամբ, որը կարգավորում է համանման հարցերը»,- պարզաբանեց շրջակա միջավայրի նախարարը:

Քննարկումներից հետո խորհրդարանականները այս Համաձայնագրին դրական եզրակացություն տվեցին: