Վարակակրի շփման շրջանակը պարզելու և «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիքների կիրառումը կարող է ոչնչացնել մեր ժողովրդավարական ձեռքբերումները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ օրինագծի շրջանակներում կիրառվող մեխանիզմներին։ Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք օրինագծի վերաբերյալ միջազգային արձագանքների, օրենքի կիրառության, մարդկանց մասնավոր կյանքի միջամտության, թվային անվտանգության և այլ հարցերի շուրջ։

Քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է այնպիսի ձևեր կիրառեն, որպեսզի զանգվածային վերահսկողության կիրառմամբ չխաթարվեն մարդու իրավունքները։ Ըստ ձեզ՝ կիրառվող մեխանիզմների միջոցով հնարավո՞ր է նվազագույնի հասցնել անձնական տվյալների արտահոսքի ռիսկը և պաշտպանել մարդկանց թվային անվտանգությունը:

Կարծում եմ՝ Հայաստանն արդեն իսկ շեղվել է վարակի կանխարգելման շրջանակներում թույլատրվող վերահսկողության ընդունելի ձևերից՝ խաթարելով ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանվածությունը։ Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները հենց ստեղծված անթույլատրելի վիճակի արձագանքն են։ Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով համատարած վերահսկողության բացասական ռիսկերի նվազեցմանը, ապա պետք է նկատի ունենալ, որ իրոք, ժամանակակից տեխնոլոգիաներն ունեն վերահսկողության անսահմանափակ ներուժ։ Եթե այդ տեխնոլոգիաների միջոցով որոշ վերահսկողության ձևեր անգամ գնահատվում են անհրաժեշտ և համաչափ, դրանց կիրառումն անպայմանորեն պետք է լինի ստուգելի՝ հնարավոր կամայականությունները և չարաշահումները բացառելու համար։ Այս համատեքստում Հայաստանում, օրինակ, սահմանված չեն անձի նկատմամբ սահմանափակում կիրառելու դեպքում որոշում կայացնելու պարտադիրությունը և այն վիճարկելու հնարավորությունը։

Երեկ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը ներկայացրեց թվային գործիքակազմը, որի միջոցով պարետատունը պետք է պարզի վարակակրի շփման շրջանակը եւ իրականացնի ինքնամեկուսացման նկատմամբ հսկողություն։ Ըստ ձեզ՝ արդյոք կիրառվելիք գործիքները, այդ թվում ինքնալուսանկարվելու պահանջը իրավաչափ և համաչափ միջամտությո՞ւն է անձնական կյանքի իրավունքին։

Այս գործիքակազմով, ըստ էության, նախատեսվում է ինքնալուսանկարվելու և լուսանկարը պարետատուն ուղարկելու պարտականություն՝ ինքնամեկուսացվածին նույնականացնելու համար։ Առհասարակ,  անձի նկարը անձնական կյանքի մաս է, որը պաշտպանվում է օրենքով և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայիով։ Ուստի, տվյալ դեպքում գործ ունենք մասնավոր կյանքին երկմակարդակ միջամտության հետ։
Համաձայն միջազգային չափորոշիչներին և սահմանադրական երաշխիքներին՝ անձնական կյանքի միջամտող միջոցը պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է գոյություն չունենա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց։ Այս դեպքում, հիմնավորելի չէ, որ ինքնամեկուսացվածի նույնականացման միակ և բացառիկ միջոցը դա անձի նկարներ ստանալն է։ Ավելին, պարետատանը փոխանցվող առողջական վիճակի և հանգամանքի մասին տեղեկատվության արժանահավատությունը որևէ կերպ պայմանավորված չէ այն փաստով թե ով է լրացրել այդ տվյալները, իսկ լուսանկարի առկայությունը այդ հանգամանքի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Մյուս կողմից, միջամտության ընտրված միջոցը պետք է լինի համաչափ, այսինքն, այն ողջամիտ հավասարակշռության մեջ պետք է գտնվի հետապնդվող նպատակի հետ։ Այս պարագայում ակնհայտ է, որ կարգավորման հիմքում դրված է սխալ կանխավարկած, այն է՝ «հպարտ քաղաքացիների» խոսքին չհավատալը, քանի դեռ վերջիններիս իրավունքները խախտելու միջոցով չի ապացուցվել հակառակը։ Ստացվում է, որ  ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիները ստախոս են և ոչ օրինապահ (թեև վստահ եմ, որ ՀՀ-ում դեռևս ապրում են օրինապահ և արժանապատիվ շատ քաղաքացիներ), ուստի որպես իշխանությանը խաբելը բացառող միջոց պետք է ներդրվի վերջիններիս անձնական կյանքի իրավունքը սահմանափակող միջոց։ Նույնիսկ նման կանխավարկածի դեպքում կարելի էր վարչական կամ քրեական պատասխանատվության սպառնալիքով բացառել քաղաքացիների ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը։

Օրենքով նախատեսված է, որ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Արդյոք այս ժամկետը ողջամի՞տ է։

Ժամկետի ողջամտությանը գնահատումը պայմանավորված է տեղեկատվության ոչնչացման տեխնիկական լուծումներով, որի մասնագետը չեմ։ Մեծածավալ էլեկտրոնային տեղեկատվության ոչնչացումն իսկապես կարող է ժամանակատար լինել։  Միաժամանակ, շատ կարևոր է թվային տեղեկատվության ոչնչացման եղանակը, որպեսզի այն վերականգնել չլինի, ինչպես նաև ոչնչացման փաստի ստուգման հնարավորությունը։ Մինչդեռ այս մասով բավարար օրենսդրական երաշխիքներ սահմանված չեն։

Ի վերջո, կիրառվող գործիքներով հնարավո՞ր է նպաստել համաճարակի տարածումը կանխելուն։

Առանց համընդհանուր թեստավորման և կարճաժամկետ հեռանկարում առողջապահական համակարգի գերհզորացման, հնարավոր չէ համընդհանուր վերահսկողություն իրականացնել համաճարակի կանխման նկատմամբ։ Մինչդեռ ներդրված գործիքների կիրառումը կարող է ոչնչացնել մեր ժողովրդավարական ձեռքբերումները։ Ինչպես տեղին նշել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը «Վարակն արդեն իսկ ոնչնացնում է շատ կյանքեր, բայց մենք պետք է թույլ չտանք, որ այն ոչնչացնի նաև ազատ հասարակությունները և մեր հիմնարար արժեքները»։

Այս առումով, ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 461 – Ն որոշումը ուղղակի և բացահայտ սպառնալիք է նշված արժեքների նկատմամբ։ 

Այս որոշումից բխում է, որ՝

ա) պետական մարմինների կողմից վարակակիրների պարզման արդյունավետ մեխանիզմներ չկան․

բ) մինչև սահմանափակում կիրառելը չի նախատեսվում թեստավորման հնարավորություն, որով կարող է հավաստվել ենթադրյալ կոնտակտավորի վարակակիր չլինելու հանգամանքը, ինչպես նաև ինքնամեկուսանալու կամ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կիրառվելու անհրաժեշտության բացակայությունը․

գ) կամայական կերպով հնարավոր է անձին հրահանգավորել ինքնամեկուսանալ, իսկ վերջինիս կողմից հրաժարվելու դեպքում անձի նկատմամբ կարող է կիրառվել այսպես կոչված «տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում»․

դ)  «տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» միջոցառումը իրականացնելիս Ոստիկանությունը կարող է մուտք գործել անձի բնակարան։

Արդյունքում ստացվում է, որ առանց օրենքի, միայն կառավարության որոշման հիման վրա նախատեսվում է անձնական ազատության սահմանափակման հիմք, ինչը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին։ Միաժամանակ, առանց բժշկական հիմնավորումների թույլատրվում է մուտք գործել անձի բնակարան, որով խախտվում է բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը։ Այս պայմաններում անձը զրկված է իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու նվազագույն իրավական երաշխիքից։  Ի վերջո, չհաստատված կասկածի հիման վրա, պետությունը, ենթադրյալ կոնտակտավորին առանց թեստավորման ապահովման փաստացի ազատազրկում է այն վայրում, որտեղ մեծ հավանականությամբ կան վարակակիրներ։ Դրանով անձի կյանքը ենթարկվում է վտանգի, որի բացասական հետևանքների պատասխանատուն բացառապես պետությունն է։