Հայաստանում 2019-ին ավելացել են ավելի քան 80 հազար մարդու կենսաթոշակները և նպաստները: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2019 թվականի կառավարության ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ընդ որում, նվազագույն շեմը 25.500 դրամ է, որը 2020 թվականին կրկին կբարձրացվի: Բաթոյանը նաեւ հայտնել է, որ Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանի միանվագ նպաստը նույնպես կրկնապատկվել է եւ 100 հազար դրամ է կազմում:

«2019 թվականին գրանցվել է ավելի քան 105 հազար շահառու ընտանիք, որոնք նպաստների կարիք ունեն, նրանցից 86.700-ը ստացել են նպաստներ, որոնց միջին գումարը 31.350 դրամ է կազմել: Այլ դեպքերում դրանք միանգամյա էին եւ վճարվել են եռամսյակային աջակցության տեսքով»,- պարզաբանել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ 1934 թվականը ծնված 4.890 ավանդատու սոցիալական աջակցություն է ստացել, իսկ 2020-ին այն կտրամադրվի նաեւ 1936 թվականից առաջ ծնվածներին: Բացի այդ, Բաթոյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում 1031 ընտանիք հնարավորություն է ստացել զբաղվել գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ` նրանց տրամադրված սոցիալական օգնությունից զատ: «Այսինքն,  այս դեպքում մենք նրանց նպաստներից չենք զրկում»,- նշել է նախարարը: