Այս ընթացքում Հայաստան մեկնելու աջակցության խնդրանքով դեսպանություն են դիմել տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ. դեսպանության աջակցությամբ մեծ մասը Հայաստան են վերադարձել, մի քանիսը չցանկացան մեկնել, իսկ Սերբիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը դժվարանում է այդ երկրի օդային և ցամաքային ճանապարհների փակ լինելու պատճառով: Այս մասին Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամագրին տված հարցազրույցում նշել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

«Ինչպես գիտեք, Չեխիան Եվրոպայում առաջին երկրներից էր, որ, պայմանավորված երկրում կորոնավիրուսի վարակի տարածմամբ, հայտարարեց արտակարգ դրություն, ապա՝ նաև սահմանեց համազգային կարանտին և համապատասխան սահմանափակումներ։

Սկսած մարտի 9-ից, Չեխիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկատվություն է տեղադրել հավատարմագրման երկրներում (Չեխիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա), ինչպես նաև Հայաստանում իրավիճակի, ճամփորդության սահմանափակումների և կարանտինային միջոցառումների վերաբերյալ՝ մշտապես  հորդորելով դեսպանության տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման դեսպանությունում և հայտնելով դեսպանության հետ կապ հաստատելու միջոցների, այդ թվում՝ դեսպանության թեժ գծի շուրջօրյա հասանելիության մասին։

Ստեղծված իրավիճակում դեսպանություն են դիմել երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, այդ թվում Սերբիայից և Խորվաթիայից: Հիմնականում քաղաքացիներին հետաքրքրում են դեպի Երևան թռիչքների առկայությունը և նրանց մուտքի արտոնագրի ժամկետի լրանալու հետ կապված խնդիրները. բոլորին տրամադրվում է իրենց հարցադրումներին համապատասխան ճշտված տեղեկատվություն»,-ասել է նա:

Հարցին, թե ի՞նչ ռեժիմով է աշխատում դեսպանությունը և ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել մեկնել հայրենիք, նա պատասխանել է. «Դեսպանությունը շարունակում է աշխատել ամենօրյա ռեժիմով, հերթափոխներով, դեսպանությունում գործարկվել է շուրջօրյա հասանելիությամբ թեժ գիծ։ Քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է խիստ սահմանափակ ռեժիմով, արտակարգ իրավիճակում կարանտինային բոլոր պարտավորությունների պահպանմամբ։ Քաղաքացիներին հորդորում ենք հյուպատոսական բաժին դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում և միայն նախնական հեռախոսային և էլեկտրոնային գրանցումով՝ դրական պատասխան ստանալու դեպքում։

Դեսպանությունը ցուցակագրում է դիմած բոլոր քաղաքացիներին՝ վերջիններիս հետ գտնվելով ամենօրյա կապի մեջ և նրանց տրամադրելով հյուրընկալ պետության կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումների, պետական սահմանի հատման հնարավորությունների մասին ճշտված, հստակ տեղեկատվություն։

Դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, դեսպանության տիրույթում, այն է՝ հավատարմագրման բոլոր 5 երկրներում, չկան դժվար և առավել ևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ։

Նշենք, որ դեսպանության հավատարմագրման երկրներում ՀՀ քաղաքացիների վիճակին տեղեկանալու և անհրաժեշտության դեպքում օժանդակելու նպատակով՝ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվող համապատասխան հայտարարությունների միջոցով մշտապես հորդորում է դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ դեսպանություն ուղարկելով իրենց տվյալները։ Հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակը՝ հենց ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելն է, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»:

Անդրադառնալով հայերի վարակման դեպքերին, դեսպանն ընդգծել է. «Դեսպանությունը մշտական կապի մեջ է հավատարմագրման երկրների իշխանությունների և համայնքային կառույցների հետ, որոնց կողմից ՀՀ քաղաքացիների վարակվածության, հոսպիտալացման կամ մահվան դեպքերի մասին որևէ տեղեկատվություն դեսպանությանն այս պահին չի հայտնվել։ Մինչ օրս դեսպանություն դիմած կամ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիները նույնպես նման տեղեկատվություն չեն փոխանցել, որևէ գանգատ չեն ունեցել իրենց առողջական վիճակի վերաբերյալ»:

Նա հավելել է, որ դեսպանությունն աշխատանքներ է տանում ոչ միայն Չեխիայում, այլև հավատարմագրման մյուս երկրներում՝ Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում գտնվող մեր քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու և վերջիններիս հետ կապի մեջ լինելու ուղղությամբ։