Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- գրել է նա։

Նշենք, որ Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը, ինչի մասին ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված մարտի 16-ից, և գործելու է մինչև ապրիլի 14-ը։