Արդեն իսկ գործարկվել է քաղաքացիների տեղորոշման այն գործիքը, որի մասին այդքան քննարկվել է. դա ավտոմատ կերպով տեղորոշում է անձանց շրջանակը, որոնք ունեցել են շփում վարակակրի հետ: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս պահի դրությամբ 315 արձանագրված հիվանդի վերաբերյալ այդ գործիքը տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ: Այդ բոլոր անձանց հետ կապ է հաստատվել եւ այս 3 հազար անձինք չեն գտնվել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում: Այս 3 հազար անձինք կարող են 14 օրվա ընթացքում դառնալ վարակակիր»,-ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ մեծ թափով գործարկվել են հավելվածի միջոցով ստացվող տեղեկատվության վերլուծությունները. «Այս պահին ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում: Այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ: 21 հոգու ուղարկել ենք թեստավորման եւ 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս»: