Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող Արայիկ Հարությունյանը մտադիր է ֆինանսական աջակցության համար դիմել ՀՀ իշխանություններին: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսին:

Ըստ նրա` գյուղատնտեսության ոլորտում սպասվող աճը կարող է խոչընդոտվել կորոնավիրուսի համավարակով, որի տեւողությունն եւ ազդեցությունն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել: «Կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի Հայաստանի իշխանությունների հետ քննարկել լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցը, ոչ թե` օգնության: Միջոցներ ուղղել տնտեսության խթանման համար: Այդ նպատակով մտադիր եմ մի շարք հանդիպումներ անցկացնել Հայաստանի իշխանությունների հետ»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ Արցախի տնտեսության զարգացումը կնպաստի Հայաստանի տնտեսության բարելավմանը: «Մեզ լուրջ աշխատանք է պետք իրականացնել պարենային անվտանգության առումով, եւ լուրջ հնարավորություններ կան: Ես կդիմեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ, աջակցություն կցուցաբերեն Արցախի իշխանություններին»,- հայտարարեց Հարությունյանը: