Մարտակերտում և Ստեփանակերտում տեսախցիկների օգնությամբ ակնհայտ նկատվել են, ընտրողները կողմից քվեախցիկներում լրացուցիչ  թղթերի շրջանառություն, ինչը նման է քվեաթերթիկների կառուսելի, այս դեպքերի  վերաբերյալ ԱՀ-ի դատախազություն ներկայացված է հանցագործության մասին հաղորդում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և ընդհանուր դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ընտրական հանփնաժողովները գերակշռապես բավականին վատ էին տիրապետում ընտրական օրենսդրությանը եւ ԿԸՀ–ի որոշումներին, այդուհանդերձ ընտրական հանփնաժողովները հիմնականում պատրաստակամ էին աշխատել շրջիկ դիտորդների հետ եւ չիմացության արդյունքում առաջացած շատ խնդիրներ շտկվում էին համագործակցության սահմաններում։ Չնայած ընտրությունների առաջին փուլում ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել էին ընտրության ցուցակները վարելու, կազմելու, հրապարակելու, ինչպես նաեւ նույն անձի 2 ցուցակում ներառելը բացառելու մասով էական խախտումներ, սակայն երկրորդ փուլում այդ խնդիրների կրկնություն չի նկատվել, ընտրողների ցուցակում կրկնակի անձինք չեն հայտնաբերվել, ցուցակներ ամբողջությամբ հրապարակվել են իր տարբերություն առաջին փուլի», ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցության ցուցանիշը բարձր է եղել գյուղական բնակավայրերում՝ ի տարբերություն առաջին փուլի. «բավականին մտահոգիչ պատկեր է, եթե ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցությունը քաղաքային տեղամասերում եղել է 70, իսկ գյուղական տեղամասերում 76 տոկոս, ապա երկրորդ փուլում քաղաքային տեղամասերում այն կազմել է 35 տոկոս, գյուղականներում  56 տոկոս, տարբերությունը 21 տոկոս»։

Իոաննիսյանի խոսքով՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ դիտարկումների արդյունքում խնդիր է բարձրացրել վարչական ռեսուրսի կիրառման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության վերաբերյալ. «Հաճախ այդ բարեգործությունն իրականացվել է շինանայութի տրամադրմա եւ այլ պետական ծրագրերի շրջանակներում, սակայն բնակիչներին մատուցվել է, որպես թեկնածուներից մեկի կողմից տրվող աջակցություն։ Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրույամբ արգելված ներգործություն»։

Չնայած խախտումներին՝ Իոաննիսյանն  արձանագրեց, որ Արցախի ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն արդարության չափը էապես տարբերվում է ժողովրդավարական հասարակությանը ներկայացվող պահանջներից. «Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլերում եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ թե՛ Ազգային ժողովի, թե՛ Հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա»:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություների 2–րդ փուլում մրցում էին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ըստ ԿԸՀ տվյալների՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է ընտրողների 88 տոկոսը: