ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

«Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով եւ միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաեւ մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության եւ համաչափության ապահովման պատասխանատվությունը:

Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:

Հարգելի պարոն Հարությունյան,

Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն եւ լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ հանուն մեր համահայկական իղձերի կատարման:

Ձեր այս առաքելության մեջ Ձեզ մշտապես սատարելու պատրաստակամությամբ՝

Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ»: