Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Դուք ստանձնում ենք նախագահի պաշտոնը բարդ փուլում, երբ պահանջվելու է մեծ ջանք ու կամք՝ խնդիրները հաղթահարելու համար։ Ի պաշտոնե կոչված եք կյանքի կոչել ծրագրեր, որոնք կամրապնդեն Արցախի պետականությունը եւ կբարձրացնեն արցախցու բարեկեցությունը մակարդակը։

Բարձր եմ գնահատում Ձեր զուսպ արձագանքը՝ այդքան տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, եւ Ձեր պատրաստակամությունը՝ աշխատել Արցախի բոլոր ուժերի հետ։ Հաղթանակը մարտի դաշտում է, հաղթանակը տնտեսական հաջողությունների մեջ է, հաղթանակը ներքին համերաշխության մեջ է։

2019 թվականին Արցախում կայացած համահայկական խաղերի փառահեղ մեկնարկը եւս մեկ կարեւոր հաղթանակ էր՝ թերահավատության հանդեպ։ Համահայկական խաղերը Արցախի հողի վրա մեկտեղեցին համայն հայության ջանքերը, հույզերը, հույսերը։

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

անկեղծորեն սպասում եմ մեր առաջիկա հանդիպումներին, երբ հնարավորություն կունենամ ոչ միայն անմիջականորեն շնորհավորելու Ձեզ, այլեւ՝ միասին քննարկելու համահայկական նշանակության մի շարք նոր ծրագրեր։ Պատրաստ եմ իմ ողջ փորձը, կապերը եւ հնարավորությունները ներդնել դրանք կյանքի կոչելու համար։ Արցախի հաջողություններն անկասելի են»: