Կենտրոնական բանկը կշարունակի պահպանել իշխանություններից անկախությունը: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում թեկնածության հավանության հարցի քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց այդ պաշտոնի միակ հավակնորդ Մարտին Գալստյանը, ում առաջադրել է իշխող «Իմ քայլը» դաշինքը:

Նրա խոսքով՝ աշխարհում երկրներ կան, որտեղ ԿԲ-ները դառնում են Ֆինանսների նախարարության, այսպես ասած, «դուստրը»: «Այսպիսի դեպքերում հասկանալի է, որ ԿԲ վարած քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել: Ցանկացած կառավարություն փորձելու է ավելի շատ ծախսել, քան կարող է»,- պարզաբանեց Գալստյանը: Ինչպես նշեց ֆինանսիստը, հենց այս պատճառով ԿԲ-ների համար պայմաններ են ստեղծվել, որոնց դեպքում դրանք կպահպանեին պետական մարմիններից անկախությունը՝ միաժամանակ հաշվետու լինելով հանրությանը ի դեմս խորհրդարանի: Թեկնածուի խոսքով՝ այս իրավիճակը իրեն վստահություն է տալիս, որ Հայաստանի ԿԲ-ն կշարունակի մնալ անկախ, քանի որ հայկական պետականության ամբողջ պատմության ընթացքում Կենտրոնական բանկը «երբեք չի կաշկանդվել իր դիտարկումներում եւ որոշումներում»: «Օրինակ՝ եթե ԿԲ-ում տեսել են, որ տնտեսական աճը մեծապես գերազանցում է պոտենցիալ ՀՆԱ-ն եւ բարձրանում է «գերտաքացման» հարցը, ապա բանկը բարձրացրել է տոկոսադրույքները՝ անկախ իշխանությունների կարծիքից»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը վստահություն հայտնեց, որ ԿԲ-ն կշարունակի նույն ոգով՝ հիշեցնելով, որ բանկի անկախությունը թույլ է տվել պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը, այդ թվում՝ «թավշյա հեղափոխության» շրջանում: