Հայաստանում ոսկին համարվում է ֆինանսական ակտիվ, չնայած գնային մեծ անկայունությամբ է օժտված, բայց միաժամանակ զրոյական եկամտաբերությամբ: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում թեկնածության հավանության հարցի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի միակ հավակնորդ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ ոսկու պաշարների մասին արդեն երկար տարիներ են խոսում, սակայն Կենտրոնական բանկի կայքում ոչ մի վիճակագրություն չկա: Ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ ոսկով դեպոզիտը երբեք տոկոսներ չի բերում: «Մարդիկ, որոնք կառավարում են մեր պահուստները, վստահ եմ, ունեն ակտիվների կազմի որոշման մասնագիտական փորձ, որոնք պետք է լինեն պահուստներում»,- նշեց թեկնածուն: