Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբեւէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձեւավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնալ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությաունները առաջ են բերել Ադրբեջանի բացասական արձագանքը:

ԱԳՆ խոսնակի արձագանքում ասվում է.

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: 

Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա: Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին:

Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը:

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբեւէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձեւավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից եւ ուղղակի խեղաթյուրումից:

Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը եւ Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող եւ հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձեւավորումը խիստ կարեւոր է հակամարտության վերափոխման եւ ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին եւ ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարեւոր քայլը»: