15-ամյա հայուհու լուսանկարը հայտնվել է World Press Photo միջազգային մրցույթի դափնեկիրների թվում:

Լուսանկարի հեղինակն է Տոմեկ Կաչորը: Լուսանկարը կատարվել է Duży Format, Gazeta Wyborcza-ի համար:

15-ամյա Եվան, որը վերջերս է արթնացել Resignation Syndrome-ի (RS) հետեւանքով առաջացած կատատոնիկ վիճակից, Լեհաստանի Պոդկովա Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում նստած է հաշմասայլակի վրա՝ շրջապատված իր ծնողներով, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Resignation Syndrome-ը պացիենտներին դարձնում է պասիվ, անշարժ, համր, ուտելու եւ խմելու անընդունակ, ֆիզիկական խթանների հանդեպ անընկալունակ: Համախտանիշը տարածված է փախստականների երեխաների շրջանում, առաջին անգամ դրա մասին նշվել է 1990-ական թվականներին: Առավել խոցելի են համարվում երեխաները, որոնք դառնում են ծայրահեղ բռնության ականատես՝ հաճախ իրենց ծնողների հանդեպ, որոնց ընտանիքները փախել են անչափ վտանգավոր իրադրությունից: Ռեմիսիան եւ աստիճանաբար նորմալ կյանքին վերադարձը սկսվում է կենսական հանգամանքների կայունացումից հետո:

Եվան համախտանիշի զոհն է դարձել, երբ նրա ընտանիքը փորձել է ապաստան ստանալ Շվեդիայում, նրանց սպառնում էր վտարում Լեհաստան, այնտեղից, ինչպես նրանք վախենում էին, հետ էին ուղարկելու Հայաստան: Չնայած աղջկա հիվանդությանը, ընտանիքն, այնուամենայնիվ, վտարվել է Լեհաստան, 8 ամիս անց Եվան ամբողջությամբ ապաքինվել է: