Եվրոպայի արտաքին քաղաքականության հետազոտությունների համաեվրոպական ECFR կենտրոնի կայքում հրապարակվել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետազոտող Կառլո Ֆրապպիի հոդվածը Ադրբեջանի և Իտալիայի հարաբերություններում «թռիչքային» զարգացման ու այն մասին, թե դա ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հարցում Եվրոպայի, մասնավորապես, Իտալիայի դիրքորոշման վրա։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իտալիա 2020թ․ փետրվարին եզակի էր Ադրբեջանի ժամանակակից պատմության մեջ։ Այցը նշանավորվեց երկրների միջև հարաբերությունների որակական թռիչքով, ինչը երևում է այդ ընթացքում նրանց միջև ձեռք բերված համաձայնություններից, ինչպես նաև Իտալիայի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված բիզնես ֆորումին Ադրբեջանի պատվիրակության մեծությունից և կառուցվածքից։ Բաքվի նշանակալի քաղաքական ներդրումը հարաբերություններում կարծես թե խանդավառությամբ է ընդունվել իտալական բիզնես աշխարհի կողմից, և, ինչն ավելի կարևոր է, Իտալիայի կառավարության փոխադարձ ջանքերով։ Պաշտոնյաները Հռոմում հարաբերությունները խորացնելու իրենց ջանքերը նկարագրել են որպես «հստակ քաղաքական ընտրություն», որից«շատ մեծ սպասելիքներ» կան։

Իրադարձության լուսաբանումը իտալական և արտասահմանյան մամուլում հիմնականում կենտրոնացած էր ձեռք բերված տնտեսական բնույթի համաձայնագրերի վրա։ Իսկապես, ըստ Ալևի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կողմից այցելության ընթացքում ստորագրված «բազմակողմանի ռազմավարական համագործակցության» մասին հռչակագրի, հարաբերությունները զգալիորեն դուրս են եկել  ավանդական գործոն էներգետիկ ոլորտի սահմաններից և ներառել են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, ենթակառուցվածքներն ու ներդրումները։ Տրանսադրիատիկ խողովակաշարի բացումից (որը կխորացնի Իտալիայի և Ադրբեջանի միջև փոխկածվածությունը) որոշ ժամանակ առաջ երկրները հաստատեցին այն, ինչ իրենք կոչում են «փոխշահավետ» համագործակցություն։ Համագործակցության շրջանակներում Բաքուն հույս ունի դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը, իսկ Հռոմը կլուծի վճարային պակասուրդի երկկողմ բալանսի խնդիրը։

Մինչդեռ, չնայած Իտալիայի և Ադրբեջանի միջը համաձայնագրերը տնտեսապես կարևոր են, հատկապես դրանց տնտեսական հարթությունն է, որ կարող է հսկայական որակական թռիչք ապահովել հարաբերություններում։ Համատեղ հռչակագիրը հաստատում է կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության վրա, այսինքն միջազգային օրենքների այն սյուների, որոնց վրա է Ադրբեջանը ավանդաբար հենվել Հայաստանի նկատմամբ իր պահանջները ներկայացնելիս։ Սա նշանակում է հետքայլ, եթե ոչ փաստացի հրաժարում, Հռոմի կողմից հաստատված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության քաղաքականությունից։ Հռչակագրի ընդհանուր քաղաքական շրջանակի վրա չի ազդում դրա ընդհանուր հղումը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա։

Ավելին, միասնական հռչակագիրը Իտալիայի առաջին հայտարարությունն է Լեռնային Ղարաբաղի մասին, որտեղ որեւէ ակնհայտ հղում չի կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ մարմին,որը գրեթե երեք տասնամյակ միջնորդ է  հանդիսանում հակամարտող կողմերի միջև։ Ադրբեջանի իշխանությունները երկար ժամանակ պնդում են, որ Մինսկի խումբըանարդյունավետ և կողմնակալ է՝ նպատակ ունենալով խթանել զուգահեռ բանակցություններ կամ փոխել բանակցությունների ներկա ձևաչափը։

Այս առումով հռչակագրում Իտալիան մեծ զիջումներ է արել Բաքվին՝ խնդրի հարցում որդեգրելով հստակ դիրքորոշում, եւ հետեւաբար, արձագանքելով Ադրբեջանի պնդումներին, որ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում Արևելյան Եվրոպայի ձգձգվող հակամարտությունների նկատմամբ։ Սրանով Իտալիան էականորեն շեղվում է Մինսկի խմբի և ԵՄ իր գործընկերների դիրքորոշումից։ Իսկապես, 2014թ․ Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի սկզբունքներն ընդունելուց հրաժարվելը նպաստեցին, որ այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալվեն։ Ավելին, այս սկզբունքները դեռ դրված են Եմ-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմքում, որոնք սկսվել են 2017 թվականի փետրվարին։

Այդ պատճառով Իտալիան իրեն դիրքավորել է որպես Ադրբեջանի հետ Արևմուտքի հիմնական քաղաքական (ավելի քան զուտ տնտեսական) զրուցակից, Ալիևի խոսքերով՝  «գրեթե դաշնակից»։ Ներկայումս բարդ է ասել, թե արդյոք Իտալիա-Ադրբեջան հարաբերությունների որակական թռիչքը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերագործարկման համար որևէ կոնկրետ փորձի կհանգեցնի, քայլ, որը Իտալիայի իշխանությունները մշտապես պաշտպանել են։ Հնարավոր է, որ Հռոմը չկարողանա կապիտալիզացնել Հարավային Կովկասում իր նոր մոտեցումը։ Այնուամենայնիվ, Իտալիայի ջանքերը՝ ամրապնդելու Ադրբեջանի հետ հարաբերությունները, առաջին հերթին քաղաքական քայլ է, որը նախատեսված է լուծելու վստահության բացակայության խնդիրը, ինչը խանգարում է ԵՄ քաղաքականությանը։ Հռոմը հայտնել է իր պատրաստակամությունը մի կողմ թողնել անցյալը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության այդ կարևոր խնդրում որդեգրելով Բաքվի տեսակետը։ Այս առումով միասնական հռչակագիրը կարծես թե կողմերին ճիշտ ուղղությամբ է տանում»։