NEWS.am–ի տեղեկություններով՝ օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը։ Դպրոցի ուսուցիչներն այսօր հաղորդագրություն են ստացել տնօրենից, որը տեղեկացրել է ազատման մասին։ Անակնկալի եկած ուսուցիչները տնօրենի պաշտոնանկությունն ապօրինի են համարում և պատրաստվում են խնդրի կապակցությամբ դիմել ՀՀ վարչապետին։ Նշենք, որ Սվետլանա Հովհաննիսյանը տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից. նա իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի, իսկ 2010թ-ին ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն տնօրեն: Մեր տեղեկություններով՝ Սվետլանա Հովհաննիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի ազգականը։

NEWS.am–ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ Սվետլանա Հովհաննիսյանին պաշտոնից ազատել է ապրիլի 19–ին՝ երկու «խիստ նկատողությունների» հիման վրա։  Ըստ նրա՝ տնօրենը թույլ է տվել աշխատանքային ընթացակարգերի հետ կապված, կառավարչական բնույթի և աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ խախտումներ։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նախքան արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման անցնելը և դրանից առաջ դպրոցում ստուգումներ են տեղի ունեցել, արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք ըստ նրա՝ իրավական առումով անհամատեղելի են տիկին Հովհաննիսյանի հետագա պաշտոնավարման հետ։

«Մենք մեզ  վերապահված լիազորությունների շրջանակում ստուգումներ ենք իրականացրել այդ դպրոցում ճիշտ այնպես, ինչպես մի շարք այլ դպրոցներում,  ԲԿ–ներում, համայնքապետարաններում, որոնց արդյունքում ոչ միայն հեռացումներ են եղել, այլև քրեական գործեր են հարուցվել կամ իրավական գնահատականներ են տրվել» ,–ասաց նա։

 Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ նկատողություններից մեկը վերաբերում է համավարակի տարածման առաջին օրերին, երբ դեռ դասապրոցեսն ընդհատված չէր, դպրոցում ջերմաչափում չիրականացնելու հետ։

Մեզ հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ նման դրվագ եղել է, սակայն այդ հանգամանքը նվազ նշանակություն է ունեցել ազատման որոշման համար։

«Դա կարելի է ասել տնօրենի կողմից թույլ տված ամենաթեթև թերացումն է եղել, շատ ավելի լուրջ խախտումների մասին է խոսքը։ Մեր մարզում շատ տնօրեններ են փոխվել, որոնց մի մասն ազատվել են աշխատանքից, սակայն բոլոր դեպքերում մենք բացառապես առաջնորդվել ենք օրենքով»,–պարզաբանեց մարզպետը։

Դիտարկմանը, արդյոք տիկին Հովհաննիսյանի կուսակցական պատկանելությունը և  ԲՀԿ առաջնորդի կնոջ հետ նրա ազգակցական կապը ազդե՞լ է իր որոշման վրա, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.

«Կուսակցական պատկանելության հետ կապված որևէ հարց չկա, երկու տարի է աշխատում ենք, թող մի տնօրեն կամ ուսուցիչ ասի, որ կուսակցական կամ քաղաքական ենթատեքստից ելնելով ազատվել է աշխատանքից»։