«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս չի շտապում խոսել կադրային փոփոխություններից, որովհետեւ այդ թեման Արցախում շատ զգայուն է: Բանն այն է, որ այսօրվա կառավարման համակարգի մի շարք պաշտոնյաներ նրա թիմակիցներն են, եւ դժվար է կտրուկ փոփոխությունների գնալ, մյուս կողմից՝ ամեն նոր պաշտոնյայի նշանակումը Արցախում լայն քննարկման առարկա է դառնում: 

Այնուամենայնիվ, այս պահին կառավարության ամենաանձեռնմխելի անձը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն է, որը, մեր աղբյուրի պնդմամբ, միանշանակ շարունակելու է պաշտոնավարումը: 

Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնում կվերանշանակվի նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ, այնուհետեւ պետնախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է ֆինանսների նախարարի, իսկ դրանից առաջ երկար տարիներ ֆինանսների փոխնախարարի պաշտոնները. Մարտիրոսյանն Արցախում տեխնոկրատի համարում ունի եւ դուրս է քաղաքական պրոցեսներից: 

Ամեն դեպքում՝ կառավարությունում նվազագույնը 3-4 փոփոխություն կլինի, շատ բան կախված է քաղաքական կոնսուլտացիաների ընթացքից, որով պայմանավորված՝ փոփոխությունների թիվը կարող է աճել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում