Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրում է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում, ինքը չի կարող միանգամից տվյալ տարում այդ ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, նշեց նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների եւ նման տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի. «Եթե մեկը մեկ մլն դոլարի հոսքագիծ է գնել, ինքը չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել եւ ավելի քիչ շահութահարկ վճարել: Այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Բայց կա նաեւ բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով տնտեսվարողը սարքավորումների եւ անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետով կարող է այդ մասհանումներն իրականացնել: Սրանով տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում եւ կարողանում է ավելի քիչ հարկ վճարելով փող կուտակել»,-ասաց Թունյանը, նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ առաջարկում են, որ այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի  31-ը. «Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք մտադիր էին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկերը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Դա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք»,-ասաց Թունյանը: