Բելգիայում Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս շրջանակը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Արայիկ Հարությունյանին Արցախի հանրապետության  նախագահ ընտրվելու առթիվ։

Բարեկամության խմբի անդամները՝  Բելգիայի տարբեր խորհրդարանների նախկին եւ գործող պատգամավորներ,  մտավորականներ, ողջունում են այն փաստը, որ  չնայած աշխարհաքաղաքական շրջափակմանը, Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ իրացրեց ընտրելու իր իրավունքը եւ հավատարիմ մնաց անկախության առաջին իսկ օրերից ընտրած ճանապարհին, այն է՝ կառուցել ժողովրդավար երկիր։ 

Բելգիացի քաղաքական եւ հասարակական գործիչները նշում են, որ ստեղծված համաշխարհային համավարակի պատճառով ստիպված եղան չեղարկել իրենց՝ նախատեսված դիտորդական առաքելությունն Արցախում։ Նրանք շնորհավորում են Արցախի նորընտիր խորհրդարանին նույնպես։

Հայտարարության մեջ նշվում է, որ բարեկամության խումբը գերազանց համագործակցություն է ունեցել Արցախի նախկին իշխանությունների, ինչպես նաեւ խորհրդարանի հետ։ Խմբի անդամները շեշտում են իրենց ցանկությունը շարունակել ստեղծված բարձր մակարդակի եւ արդյունավետ համագործակցությունը Արցախի նոր խորհրդարանի եւ իշխանությունների հետ։