Իսպանական ոստիկանությունը հայտարարել է Եվրոպայում ԻՊ-ի ամենահետախուզվող զինյալներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կառավարության հայտարարությունը: Նշվում է, որ զինյալը ձերբակալվել է երկրի հարավում գտնվող Ալմերիա քաղաքում:

Ձերբակալվածը եգիպտացի է, ով կռվել է Սիրիայում եւ Իրաքում: Երկու այլ անձանց հետ միասին նա թաքնվում էր քաղաքի բնակարաններից մեկում: Նրա հանցակիցները նույնպես ձերբակալվել են: Ինչպես հայտնում են Իսպանիայի ՆԳՆ-ից, նրանց ինքնությունը հաստատված է: Նախարարությունում նաեւ նշել են, որ ձերբակալվածը մասնակցել է ԻՊ-ի կողմից կատարված ամենաաղմկահարույց հանցագործություններում:

Նշվում է, որ նա մի քանի տարի անցկացրել է Սիրիայում եւ Իրաքում եւ հայտնի է իր դաժանությամբ, ինչը եւ պատճառ էր դարձել նրա` ոստիկանության եւ եվրոպական հետախուզական ծառայությունների տեսադաշտում հայտնվելու համար:

Բոլոր երեք կասկածյալները Հյուսիսային Աֆրիկայից են, նրանք փորձում էին ուշադրություն չգրավել կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ պաշտպանիչ դիմակներ էին կրում: