Ուկրաինայի պատգամավոր Դարյա Վոլոդինան Facebook-ի իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ պետական մարմիններին ուղղված Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի նամակի լուսանկարը։ Նամակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցելու եւ «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու ցուցումներ են տրված։

«Հերթական անհեթեթությունը: Դեռեւս անցած տարի ԱԳՆ ներկայացուցիչների հետ շփումից հետո պարզ դարձավ, որ այս նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի ճակատագրի, այնպես էլ մեր երկրի առանձին քաղաքացիների հանդեպ: Բայց ոչ պակաս խնդիր է այնտեղ աշխատող որոշ մարդկանց բացարձակ անգրագիտությունը:

Ահա դրա հերթական ապացույցը։ Եւ ես, որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ, չեմ կարող այս մասին լռել։ Այսպիսի «երջանկության նամակներ», իմ ունեցած տեղեկատվությամբ, ԱԳՆ-ը ուղարկել է պետական մարմիններ դեռեւս Պորոշենկոյի օրոք եւ, ինչպես ես եմ հասկանում, փոխնախարարը որոշել է շարունակել այս ավանդույթը։ Եւ բացարձակ կարեւոր չէ, որ երկիրը հեղափոխություն է ապրել, որ այնտեղ այժմ մեծ քանակությամբ բարեփոխումներ են կատարվում եւ որ բառացիորեն այս նամակը ուղարկելու նախօրեին աղմուկ է բարձրացել ՌԴ ղեկավարության հետ։ Մենք համառորեն շարունակում ենք «Կրեմլի գործակալներ» խարանը վերագրել արդեն նույնիսկ այլ երկրներին։ Եւ ես այժմ չեմ հիշում այն մասին, որ սա դիվանագետի պաշտոնական փաստաթուղթ է։ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ՛։ Ի դեպ, արդեն լեզուս չի պտտվում այդպես անվանել այն մարդուն, որը նման նամակ է գրել։

Համոզված եմ, որ բոլորը, ովքեր հասկանում են այսպիսի հայտարարությունների անհեթեթությունը, ինձ հետ կհամաձայնեն եւ իրենց կարծիքը կհայտնեն փոխնախարարին այս մասին։

Եւ ես կհիշեցնեմ, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվել է այնպիսի երկրների կողմից, ինչպիսին են ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան եւ այլն։ Ամենայն հարգանք տածելով մեր ռազմավարական գործընկերների հանդեպ, եւ կարծում եմ՝ մենք ծայրահեղ դեպքում պետք է ձեռնպահ մնանք նման նամակներից, առավել եւս ԱԳՆ-ի կողմից»,- գրել է Վոլոդինան։

Նշենք, որ ավելի վաղ Վոլոդինան հանդես էր եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն նախաձեռնությունը հետ էր կանչվել Ուկրաինային Գերագույն ռադայից։