Հունական Greek City Times պարբերականը հոդված է հրապարակել հետեւյալ վերտառությամբ՝ «Ապրիլի 24: Հիշելով Հայոց ցեղասպանությունը», որում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանությունը, որը թուրքերն իրագործել են 1915 թվականին: Այդ օրը Կոստանդնուպոլսում կալանավորվել են հայ մտավորականության ու համայնքների ղեկավարների 250 ներկայացուցիչներ եւ ուղարկվել Չանքրի ու Այաշ, որտեղ ավելի ուշ սպանվել են:

Այս օրը սկսվել է Հայոց ցեղասպանությունը:

Զտումները շարունակվել են նաեւ Առաջին աշխարհամարտից հետո եւ հանգեցրել Անատոլիայում միլիոնավոր հայերի, հույների եւ ասորիների սպանության:

Հայերը վտարվել են իրենց տներից եւ Միջագետքի անապատով առանց հաց ու ջրի ուղարկվել մահվան երթի: Շատ հաճախ նրանց մերկացնում էին եւ ստիպում քայլել կիզիչ արեւի տակ, մինչեւ չէին ընկնում մահացած:

Միաժամանակ, ասում են, որ երիտթուրքերը «հատուկ կազմակերպություն» էին ստեղծել, որն իր հերթին ստեղծել էր «մարդասպանների բանդաներ» եւ «մսագործների գումարտակներ», ինչպես հայտարարել է սպաներից մեկը՝ ավարտելու համար «քրիստոնյա տարրերի վերացումը»: Այս բանդաները հաճախ կազմավորում էին մարդասպաններից եւ նախկին բանտարկյալներից: Նրանք մարդկանց խեղդում էին գետերում, նետում էին ժայռերից, խաչում էին, ողջակիզում:

Ցեղասպանության ժամանակ սպանվել է 1,5 մլն հայ, 900 հազար հույն եւ մինչեւ 400 հազար քրիստոնյա ասորի:

Գրառումները ցույց են տալիս, որ արշավանքի ժամանակ կառավարական բանդաները նույնպես երեխաների էին առեւանգում, Իսլամի հավատափոխ անում եւ հանձնում թուրք ընտանիքներին: Կանաց բռնաբարում էին, ստրկության ուղարկում եւ հարեմներ տանում: Մուսուլմանների ընտանիքները տեղափոխվում էին արտաքսված հայերի տներ եւ զավթում նրանց ունեցվածքը:

1922 թվականի օգոստոսի 30-ին Զմյուռնիայում ապրող հայերը դարձել են թուրքական վայրագությունների զոհը: «Զմյուռնիայի աղետի» հետեւանքով սպանվել են նաեւ հույներ եւ հազարավոր հայեր: Թուրք զինվորները եւ խաղաղ բնակիչները հրդեհում էին բոլոր հույների եւ հայերի տները: Փորձելով փրկվել՝ դժբախտ մարդիկ նետվում էին նավահանգիստ, որտեղ եւ 1000 մարդ է սպանվել:

1919 թվականի ապրիլի 24-ին ողջ մնացած հայ համայնքը Կոստանդնուպոլսի Սուրբ Երրոդության հայկական եկեղեցում անցկացրել էր հիշատակի արարողություն: Հետագայում հենց այս օրն է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Այսօր պատմաբանների մեծ մասը այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն է որակում՝ մի ամբողջ ժողովրդի ոչնչացման կանխամտածված եւ պարբերական արշավանք:

Այդուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում այդ իրադարձությունների մասշտաբայնությունն ու ծավալը: Չնայած ամբողջ աշխարհում հայերի եւ արդարության պաշտպանների կողմից ճնշմանը, Թուրքիայում դեռեւս անօրինական են համարում խոսել այդ ժամանակաշրջանում հայերի հետ տեղի ունեցածի մասին:

1918 թվականին օսմանցիների պարտվելուց հետո երիտթուրքերի առաջնորդները փախան Գերմանիա, որը խոստացել էր ցեղասպանության պատճառով նրանց չհետապնդել: Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանությունը հերքում է»,- նշված է հոդվածում: