Գերմանիայում սկսվել է  «Իսլամական պետության» անդամ իրաքցու դեմ դատը, որը մեղադրվում է եզդիների ցեղասպանության եւ երեխայի սպանության մեջ, փոխանցում է AFP-ն:

27-ամյա Թահա ալ Ջումաիլին մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների եւ մարդկանց առեւտրի գործով, որը դատավորները քննում են Ֆրանկֆուրտում:

Եզդի աղջկա սպանության մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա կնոջը՝ գերմանուհի Ջենիֆեր Վենիշին. զույգը 2015 թվականին Ֆալուջա քաղաքում թույլ էր տվել, որ աղջիկը ծարավից մահանա:

Անցյալ տարվա ապրիլին Վենիշի գործով դատավարության մեկնարկը, ըստ երեւույթին, աշխարհում առաջին պաշտոնական դատավարությունն է դարձել՝ կապված ԻՊ-ի կողմից եզդիների հետապնդումների հետ:

Սպանված աղջկա մայրը Մյունխենում մի քանի անգամ ցուցմունքներ է տվել տանջանքների մասին, որոնց ենթարկվել էր իր երեխան՝ Ռանիան:

Դատական փաստաթղթերով հաստատված է, որ Ջումաիլին ԻՊ-ին անդամակցել է 2013 թվականի մարտին՝ հիերարխիայում տարբեր պաշտոններ զբաղեցնելով  ջիհադականների «մայրաքաղաք» սիրիական Ռաքայում, ինչպես նաեւ Իրաքում ու Թուրքիայում:

Գերմանական դատախազությունը հայտնում է, որ մեղադրյալը 2015 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին եզդի կնոջն ու նրա 5-ամյա դստերը գնել է որպես ստրուկ: Այնուհետեւ նրանց տարել է Ֆալուջա, որտեղ նրանք դաժան վերաբերմունքի են արժանացել: «Նրանց թույլ չեն տվել տանից դուրս գալ առանց ուղեկցորդի: Նա ստիպել է նրանց չադրա հագնել եւ չի ընդունել երեխայի անունը, քան որ դա անհավատի անուն էր,-  հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Զադեկը: - Նրանց երկուսին էլ պարբերաբար ծեծել են: Ծեծից հետո երեխան ստիպված էր 4 օր անկողնում անցկացնել»:

2015 թվականի ամռանը այդպիսի մի շարք չարաշահումներից հետո աղջկան կապել են տան պատուհանին, որտեղ ապրում էր մոր հետ, որպես «պատիժ» մահճակալը թրջելու համար: Նա մահացել է ծարավից: Զույգը նրա մորը նաեւ ստիպել է ոտաբոբիկ քայլել կիզիչ հողի վրայով:

Մայրն ու դուստրը առեւանգվել էին 2014 թվականի ամռանը, երբ ԻՊ-ն ներխուժել էր Իրաքում Սինջարայի շրջան: Դատախազների խոսքով՝ նրանց քանիցս վաճառել են «ստրուկների շուկաներում»:

Սպասվում է, որ Ֆրանկֆուրտում գործի լսումը կտեւի նվազագույնը մինչեւ օգոստոս, լսումներն ընթանում են ոստիկանական խիստ հսկողության ներքո:

Ջումաիլին կալանավորվել է 2019 թվականի մայիսին Հունաստանում, այնուհետեւ հոկտեմբերին արտահանձնվել է Գերմանիա:

Վենիշի դատավարությանը աղջկա մոր շահերը ներկայացնում են լիբանանա-բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին եւ ակտիվիստ Նադյա Մուրադը, որը ինքն էլ վերապրել է սեռական ստրկությունը եւ 2018 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Նրանք ղեկավարում են միջազգային արշավ, որ եզդի համայնքի դեմ ԻՊ հանցագործությունները որակվեն որպես ցեղասպանություն: