Առաջին նախագահի թողած նոմինալ իրավիճակը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում դիտարկելն էր, այնուհետև հասել ենք նրան, որ միջնորդները որդեգրել են կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու, ստորագրելու, նոր միայն իրականացման ժամանակացույց մտնելու մոտեցումը, որտեղ ամրագրվում է պարտադիր կամարտահայտմամբ Արցախի ապագայի որոշումը: Մենք այս դինամիկան հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Խոսելով բանակցային գործընթացի դինամիկայի և առկա իրավիճակի մասին՝ նա նշել է, որ հիմա հետ ենք գլորվում շատ մեծ տեմպով:

Բանակցային գործընթացը Բեքարյանը պայմանականորեն բաժանել է մի քանի փուլերի՝ ըստ ՀՀ նախագահների պաշտոնավարման շրջանների։

«1994թ.-ին կնքվում է զինադադարը, բանակցային գործընթացը մտնում է ակտիվ փուլ: Երբ որ արդեն ԵԱՀԿ-ն ստանձնում է ամբողջությամբ միջնորդական առաքելությունը, Մինսկի խմբին է պատվիրակվում գործընթացը, առաջանում է  համանախագահների ինստիտուտը, այդ ժամանակ էլ առաջարկվում են առաջին փաթեթները` կարգավորման փուլային տարբերակ, փաթեթային տարբերակ` հստակ ամրագրումով, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է լինելու»,- ասել է նա։

Բեքարյանն ընդգծել է, որ փուլային տարբերակի ի սկզբանե մերժումը, որը 1998 թվականին բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուն, քանի որ նա իր հոդվածով կողմ էր արտահայտվել այս տարբերակին, ուղղակիորեն առնչվում էր փուլային տարբերակով նախատեսված անհարկի միակողմանի զիջմանը, երբ փոխարենը Ադրբեջանի կողմից հնարավոր զիջումները թողնվում էին նրա բարի կամքին, ապագային, չգիտես որտեղից առաջացող նրա հանդեպ վստահությանը:

«Դրան հաջորդեց ինչ-որ իմաստով նախորդ փաթեթների իներցիայով 1998-ին առաջարկած «ընդհանուր պետություն» փաթեթը: Այսինքն, սա, պայմանական ասած, բանակցությունների առաջին փուլն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք՝ «փուլային տարբերակ» և «փաթեթային տարբերակ», դրանց իներցիայով «ընդհանուր պետություն»»,- նշել է նա:

Վերլուծաբանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների որոշակի տրանսֆորմացիան և քննարկվող հարցերի որոշակի տրանսֆորմացիան իր հետ բերել է Փարիզ-Քի Վեսթ ընթացքը: «Հետո արդեն աշխատանքից հեռացած համանախագահների, գործընթացին մասնակից ինչ-ինչ կողմերի տարբեր գաղտնազերծումներից պարզ է դառնում, որ առաջին անգամ քննարկվում էր տարբերակ, երբ Ղարաբաղը միավորվում է Հայաստանի հետ: Այսինքն՝ Ղարաբաղը ոչ Ադրբեջանի կազմում առաջին անգամ դիտարկվում է այդ Փարիզ-Քի Վեսթ ընթացքի մեջ»,- ընդգծել է նա։ Այնուհետև կողմերին առաջարկվում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները»:

Երրորդ փուլը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքն էր։ «2008 թվականին իշխանության է գալիս արդեն Սերժ Սարգսյանը:  Բանակցային գործընթացի՝ իր իշխանության գալուն շատ մոտ փուլում՝ 2008-2009 թվականներին, մենք ունենում ենք մյուս տրանսֆորմացիան, որն արդեն «Մադրիդյան սկզբունքներում» ամրագրում է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ կարգավիճակի որոշման խնդիրը»,- ասել է Բեքարյանը:

Այս ողջ դինամիկան վերլուծաբանը ամփոփել է հետևյալ կերպ․ «Հայաստանին հասցված «ապտակը» Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, սեղանին առկա փաթեթները՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետություն, նույն սկզբունքի ներքո են՝ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Դրանից հետո տրանսֆորմացիա արդեն Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ ինքնորոշման իրավունքը ենթակա է հարգման, բայց շատ տեսական, Ղարաբաղի փոխարեն որոշելու հնարավորությամբ: Եվ հետո՝ արդեն նախագահ Սարգսյանի օրոք, ամրագրումը՝ իրավական ուժ ունեցող պարտադիր կամարտահայտման միջոցով, այսինքն՝ հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի որոշում հենց Ղարաբաղի ազգաբնակչության կողմից»։ Նա հավելել է, որ երբ վերլուծում ենք Լավրովի հայտարարությունը, տեսնում ենք, որ հետ ենք շպրտվել 1995-97 թվականներ: