Մալթայի օրդենի իշխան (80-րդ) եւ մեծ մագիստրոս Ջակոմո Դալա Տորե դել Տեմպյո դի Սանգվինետոն 76 տարեկանում մահացել է Հռոմում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:  

Մահվան պատճառն է մի քանի ամիս առաջ ախտորոշված անբուժելի հիվանդությունը: Մինչ նոր մագիստրոսի ընտրությունը օրդենի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի մեծ կոմանդոր Ռույ Գոնսալու դու Վալե Պեյշոտու դե Վիլաշ-Բոաշը:

Կազմակերպությունն ավելի վաղ տեղեկացրել էր մեծ մագիստրոսի ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացման մասին, որն ընտրվել էր 2018 թվականի մայիսի 2-ին: Մալթայի օրդենի մեծ մագիստրոսն ընտրվում է ցմահ:

Օրդենը հիմնադրվել է XI դարում Երուսաղեմում եւ նշանակություն է ձեռք բերել 1113 թվականին Հռոմի պապ Պասկալ II-ի կոնդակով ճանաչվելուց հետո: Նախապես օրդենի կոչումն էր հիվանդներին եւ կարիքավորներին օգնելը, ուստի դեռեւս Երուսաղեմում հիմնադրվել է հոսպիտալ եւ ուխտագնացների համար հյուրընկալության տուն: Այնուհետեւ օրդենի հոսպիտալներ են հայտնվել նախ Հռոդոսում, հետո Մալթայում, որտեղ օրդենը հիմնավորվել է մինչեւ 1798 թվականը: 1834 թվականին  օրդենի մշտական կենտրոնակայանը տեղափոխվել է Հռոմ:

Օրդենի մեջ են մտնում 13,5 հազար ասպետներ: Նրա հիմնական գործունեությունն է շարունակում մնալ բարեգործությունը՝ հիմնականում բժշկական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու ոլորտում: Մալթայի օրդենը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ օժտված է ինքնիշխանությամբ, դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 100 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ եւ դիտորդի կարգավիճակով մտնում է 80 միջազգային կազմակերպությունների մեջ: Լինելով կրոնական կաթոլիկական օրդեն՝ կապված է Վատիկանի հետ, չնայած Հռոմի պապի ուղիղ ենթակայության տակ չէ: