Ամերիկյան Ford Motor ավտոմեքենաշինական ընկերությունը կրել է 2 մլրդ դոլարի վնաս եւ 2020 թվականի 1-ին եռամսյակում գրանցել հասույթի զգալի անկում: Այս մասին նշված է երեքշաբթի հրապարակված ընկերության հաշվետվության մեջ, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: 

Առաջին եռամսյակում Ford-ի հասույթը կազմել է 34,3 մլրդ դոլար՝ 15 տոկոսով կրճատվելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Վնասները հասել են 2 մլրդ դոլարի: 2019 թվականի առաջին եռամսյակում գրանցվել էր 1,1 մլրդ դոլարի շահույթ: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ՝ Ford-ը հաշվետու ժամանակաշրջանում 21 տոկոսով նվազեցրել է մեծածախ վաճառքի ծավալը:

«Առաջին եռամսյակում Ford-ի գործունեության ցուցանիշները զգալիորեն նվազել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով»,- արձանագրված է հաշվետվության մեջ: Ընկերությունն իր ծառայությունն է համարում «ճգնաժամի ժամանակ մարդկանց պաշտպանությունն ու հանրությանը օգնության ցուցաբերումը»: Նա պարտավորվել է շտապ օգնության հարյուրավոր մեքենաներ թողարկել, մի քանի միլիոն պաշտպանական դիմակներ, թոքերի արհեստական օդափոխման 50 հազար սարքեր եւ 100 հազար շնչադիմակներ:

Ընդ որում՝ ընկերությունը ներգրավել է ավելի քան 15 մլրդ դոլարի վարկային գծեր եւ շրջանառության մեջ դրել 8 մլրդ դոլարի պարտքային պարտավորություններ: Ապրիլի կեսին Ford-ը հրապարակել էր առաջին եռամսյակում իր գործունեության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ վնասները կանխատեսվում էին 0,6 մլրդ դոլարի մակարդակում:

Մարտի 18-ին ամերիկյան երեք ավտոմեքենաշինական հսկաների՝ General Motors-ի, Ford-ի եւ Fiat Chrysler-ի ղեկավարությունները պայմանավորվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՄՆ-ում իրենց բոլոր գործարանները ժամանակավորապես փակելու շուրջ: Այս միջոցառումը անդրադարձել էր այդ ձեռնարկությունների մոտ 150 հազար աշխատակիցների վրա:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 մլն դեպք, մահացել է գրեթե 58 հազար մարդ: