Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է նախօրեին Facebook սոցիալական ցանցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հայտարարությանը, ըստ որի`այսուհետ  պահումներ են արվելու  այն պատգամավորների աշխատավարձերից, որոնք անհարգելի պատճառով բացակայում են ԱԺ նիստերից:

«Փողից կտրելու» տարբերակով բացակա պատգամավորներին պատժելու նախաձեռնության առնչությամբ, ԱԺ նիստերից գրեթե միշտ բացակայող Ռուբեն Հայրապետյանը NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը «Facebook չի կարդում» եւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ծանոթ չէ:

«Եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ընդհանրապե’ս խորհուրդ չեմ տա, քանի որ ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»:  Ռուբեն Հայրապետյանը, սակայն, «ողջունելի» է համարում ԱԺ նախագահի աշխատավարձերից պահում անելու որոշումը:

«Դա ճիշտ ա, աշխատանքի չես գնացել, բնականաբար պըտի չստանաս աշխատավարձ: Եւ ամենակարեւորը` ես երբեք ԱԺ-ից աշխատավարձ չեմ ստացել»,-հավաստիացրեց պատգամավորը: Նա, սակայն, այդպես էլ չասաց, թե ուր է գնում իր աշխատավարձը, գուցե բարեգործական որեւէ հիմնադրամի՞: «Ես ե՞րբ եմ իմ բարեգործությունների մասին բարձրաձայն ասել, որ հիմա էլ ասեմ; Իմ համար ընդունելի չի, որ ասեմ»,-արձագանքեց Հայրապետյանը:

Իսկ գուցե ԱԺ-ն Ձեր աշխատավարձը օգտագործել է ա՞յլ նպատակներով` NEWS.am-ի ճշտմանը պատգամավորը պատասխանեց. «Ես էդքան նմա՞ն եմ պրովոկացիայի ենթարկվողի»:

ԱԺ նիստերից բացակայող մեկ այլ պատգամավորի`ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են: «Պարոն Ծառուկյանը խորհրդարանի նիստերից բացակայում է միայն հարգելի պատճառներով, եւ այդ մասին ունի համապատասխան տեղեկանք»,-ասաց նա: Նա, միաժամանակ հավելեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայությունները պայմանավորված են ԱԺ-ից դուրս նրա գործունեությամբ: «Պարոն Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարն է, եւ աշխատանքի բերումով զբաղված է եւ հաճախ է արտասահման մեկնում»,-նշեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Մեծ թվով բացակայություններ ունեցող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւս, վստահեցրեց, որ առողջական խնդիրներ ունի, ինչի հետեւանքով անգամ տնից դուրս չի գալիս, ընդհուպ` հրաժարվում է հեռուստատեսային հաղորդումներին մասնակցելուց:  «Ես ունեմ օրինական տեղեկանք, ոչ սաքովի, որ առողջական լուրջ պրոբլեմ ունեմ»,-վստահեցրեց Պետրոսյանը: Նա ճիշտ է համարում աշխատավարձերից պահում անելու ԱԺ նախագահի որոշումը եւ կարծում է, որ` «եթե հիվանդ չես, պիտի գործի գնաս»: 

Նշենք, որ Ազգային ժողովի նիստերից հիմնականում բացակայում են ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Լեւոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը, Գագիկ Ծառուկյանի խնամի ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, Աշոտ Արսենյանը, անկուսակցական Մխիթար Վարագյանը: Ցանկը կարելի է էլի շարունակել:

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ նրանց հետ` լսելու նրանց պարզաբանումներն իրենց բացակայությունների մասին, սակայն ապարդյուն: Հարկ է նկատել, որ հիշյալ պատգամավորներին մերթ ընդ մերթ կարելի է տեսնել  ԱԺ-ում: Դրանք այն օրերն են լինում, երբ խորհրդարանը օրենքի այս կամ այն նախագիծն «անցկացնելու» հրահանգ է ստանում, ինչի նպատակով հիշյալ պատգամավորները «բերման են ենթարկվում» ԱԺ` իրենց հասանելիք կոճակը սեղմելու: