Չեխիայի հանրապետության սահմանները չորս հարեւանների՝ Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի հետ կարող են ամբողջովին բացվել հուլիսի սկզբում։ Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ Տոմաշ Պետրժիչեկը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Aktualne.cz-ը։

«Ես կցանկանայի, որ չորս հարեւանների՝ Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի հետ սահմաններն ամբողջովին բացվեն հուլիսից»,-ասել է Պետրժիչեկը։

ԱԳ նախարարը հայտնել է, որ սահմանները բացելու մասին բանակցությունները Սլովակիայի եւ Ավստրիայի հետ սահմանները բացելու շուրջ բանակցություններում առաջընթաց կա։ Նա նաեւ չի բացառել, որ Լեհաստանի հետ սահմանների բացումը կարող է դժվար ընթացք ունենալ։

Բաց այդ, Պետրժիչեկը չի բացառել, որ ամառային արձակուրդների սկզբում կթույլատրվեն ուղեւորությունները դեպի Բուլղարիա, Հունգարիա եւ Մերձբալթյան երկրներ, քանի որ այդ պետությունները հաջողությամբ դիմադրում են կորոնավիրուսի տարածմանը։ Ըստ նրա՝ օգոստոսից կարող են բացվել Խորվաթիայի, Հունաստանի, Սլովենիայի եւ Մալթայի հետ սահմանները։
«Կարծում եմ, որ հուլիսից մենք կկարողանանք վերադառնալ նորմալ գործառնության ոչ միայն Շենգենյան գոտում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ համաճարակաբանական իրավիճակը բարելավվելու դեպքում սահմանները բացելու գործընթացը կարող է արագանալ։

Ապրիլի 24-ից Չեխիան բացել է իր սահմանները իր քաղաքացիների առջեւ՝ դառնալով Եվրոպայի առաջին երկիրը, որն արել է այդ քայլը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում։ Արտերկրից վերադառնալիս բնակիչները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստը կամ անցնեն կարանտին։

Չեխիայի առողջապահության տվյալներով՝ մայիսի 2-ի դրությամբ երկրում գրանցվել է 7.7 հազար վարակակիր, բուժվել է 3446 մարդ, իսկ հիվանդանոցներում դեռեւս գտնվում է 319 պացիենտ։ Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 245-ի։