2018-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 88 համայնքում: Այս մասին մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ նրա` դրանցից 26-ում ընտրություններն անցկացվել են արտահերթ ռեժիմով: «2019 թվականին ընտրություններ են անցկացվել 82 համայնքում: Դրանցից 31 համայնքում ընտրություններն անցկացվել են արտահերթ ռեժիմով»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ 129 համայնքում համայնքների ղեկավարների ընտրություններ են անցկացվել, իսկ 60-ում` ավագանու անդամների: Ընտրություններ են անցկացվել նաեւ 6 քաղաքում: «Ընտրությունների անցկացման համար 387 ընտրատեղամաս էր ձեւավորվել: Այս տեղամասերում գրանցվել էր 457.188 ընտրող: Դրանցից միայն 214181-ն է մասնակցել ընտրություններին»,- ասաց ՀՀ ԿԸՀ նախագահը:

Ըստ Մուկուչյանի` ընտրություններին մասնակցել է 916 թեկնածու, ընդ որում, առաջադրման ոչ մի դիմում չի մերժվել: