Հայաստանում հանքարդյունաբերական եւ այլ ընկերությունները բնապահպանական հարկ կվճարեն: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

Ըստ նրա` այդ պահումները կորոշվեն շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների կողմից: Դրանք կարտացոլվեն այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է ունենում: Միեւնույն ժամանակ, համապատասխան նորմերին եւ պահանջներին համապատասխանության արդյունքները յուրաքանչյուր տարի կհրապարակվեն համայնքների ղեկավարների կողմից քաղաքապետարանների կայքերում, ինչպես նաեւ` համապատասխան մարզպետարանների կայքերում: