Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ օտարերկրյա ներդրումների անկումը ամենամեծ խնդիրներից է, եւ դրա լուծումը տեսնում է անկախ դատական համակարգի կայացման միջոցով։

«Մենք ունենք պրոբլեմ, եւ դա ամենամեծերից մեկն է։ Էդ մեծ պրոբլեմների ամենակարեւոր պարամետրը անկախ դատական համակարգի կայացումն է։ Երեկ, օրինակ, մենք քննարկում էինք տեխնոլոգիանան ոլորտում ներդրումների հարցը, եւ ասվում էր, որ մենք այսօր շատ մեծ ներուժ ունենք, բայց դրա իրացման ամենամեծ խոչընդոտը մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակն է ՀՀ-ում եւ պրոբլեմը դատական համակարգում է»,- այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ ամբոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցին՝  ինչպե՞ս է պատահում, որ ներդրումները Հայաստանից գնում են այն դեպքում, եթե մենք զարգանում ենք, վարչապետը կարծիք հայտնեց, որ ներդրում կատարած անձինք հակակոռուպցիոն պայքարի ֆոնին գումարները դուրս են բերում Հայաստանից։ 

«Օրինակ բերեմ օտարերկրյա ներդրման՝ ժամանակին աղմկոտ, հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում կառուցվեց Հայաստանում «Գոլդեն Փելիս» հյուրանոցը եւ չգիտեմ՝ Գոնսալո Սանչես Իգուաինը եկել էր Հայաստան ներդրումներ իրականացնելու, իսկ հետո պարզվեց, որ հիմա էդ գույքը, առնվազն Ծաղկաձորի մասով, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ առգրավվել է որպես կոռուպցիոն գույք։ Մենք կարող ենք օտարերկրյա ներդրումների կառուցվածքը բացել եւ տեսնել, որ օտարերկրյա ներդրումների վերնագրի տակ Հայաստանի կոռուպումպացված չինովնիկները տարել են իրենց փողերը, պտտել են եւ այսինչ այսինչյանը դարձել է Գոնսալո Իգուաին եւ Հայաստանում ներդրում է արել։ Հիմա քանի որ բոլորը հասկացել են, որ հակակոռուպցիոն պայքարը լուրջ է լինելու, Հայաստանից փողերը դուրս են բերում նույն մարդիկ»,- ասաց նա՝ նշելով, որ միեւնույն ժամանակ, մեր բանկերը, օրինակ, ռեյտիգներ են ստանում եւ միջոցներ են ներգրավում։