Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին DW-ի հետ զրույցում հաստատել է Բարեփոխումների ազգային խորհրդում իր նշանակումը: Նույն օրը ավելի վաղ խորհրդի քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները: «Գործադիր կոմիտեի ղեկավար, այլ ոչ քարտուղար»,- հստակեցրել է Սաակաշվիլին: Նա նշանակման կոնկրետ օրը չի նշել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դա կարող է տեղի ունենալ արդեն մայիսի 6-ին:

Բարեփոխումների ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սա Ուկրաինայի նախագահին առընթեր «ռազմավարական ծրագրման, Ուկրաինայի բարեփոխումների միասնական պետական քաղաքականության եւ դրանց իրականացման ներդրման դիրքորոշումների համաձայնեցման հատուկ խորհրդակցական մարմին է»,- նշված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Խորհրդի անձնակազմին հաստատում է Ուկրաինայի նախագահը:

Ըստ Ուկրաինայի ղեկավարի կայքում հրապարակված տեղեկության՝ 2014-2018 թվականներին տեղի է ունեցել խորհրդի 28 նիստ: Վերջինը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի սկզբին:

Ապրիլի 22-ին Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է զբաղեցնել բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը: Ապրիլի 30-ին Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիդ Արախամիան հայտնել էր, որ Սաակաշվիլիի համար Ուկրաինայում գտել են աշխատանքի նոր ձեւաչափ: Արախամիան կոնկրետ պաշտոն չէր նշել:

Միխայիլ Սաակաշվիլին 2 անգամ զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը՝ 2004-2007 եւ 2008-2013 թվականներին: Վրաստանում նրան մեղադրում են լիազորությունների գերազանցման եւ բյուջեի միջոցները վատնելու մեջ: Սաակաշվիլին իրեն ուղղված բոլոր մեղադրանքները հերքում է:

Պյոտր Պորոշենկոյի իշխանության գալուց հետո Սաակաշվիլին 2015-2016 թվականներին եղել է Օդեսայի նահանգապետը: Պորոշենկոն հետագայում նրան զրկել է ավելի վաղ տրամադրած ուկրաինական քաղաքացիությունից, իսկ 2018 թվականին Սաակաշվիլիին Ուկրաինայից վտարել էին: Մինչեւ 2021 թվականը նրան արգելված էր մուտք գործել երկրի տարածք:

Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին էր վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը: Այս մասին հրամանը պետության ղեկավարի կայքում է հրապարակվել 2019 թվականի մայիսի 28-ին: