Ես անգիր չեմ հիշում, թե հատկապես որքան միջոցներ են անհրաժեշտ կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի համար։ Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին։

Այվազյանը նախարարին խնդրեց ներկայացնել թեկուզ մոտավոր տվյալներ, քանի որ կան պացիենտներ, որոնք արդեն 40 օր գտնվում են հիվանդանոցում, եւ ինքն ուզում է պատճառն իմանալ։

Դրան ի պատասխան՝ Թորոսյանը, դիմելով խորհրդարանականին, հայտարարեց․

«Դուք ինչ-որ կասկածնե՞ր ունեք, որ մենք արհեստականորեն մեր քաղաքացիներին հիվանդանոցներում կամ հյուրանոցներում ենք պահում։ Եթե կան նման կասկածներ, շատ եմ ափսոսում։ Մենք ցանկանում ենք մեր քաղաքացիներին, որքան հնարավոր է շուտ, առողջ տեսնել։ Այո, կան պացիենտներ, որոնք նույնիսկ 40 օրից ավելի են մնում ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ հյուրանոցներում։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ քաղաքացիները ծանր են տանում հիվանդությունը, կամ նրանց օրգանիզմում վիրուս է հայտնաբերվում։ Քաղաքացիները հիվանդանոցներում եւ հյուրանոցներում են գտնվում բացառապես առողջապահության տեսակետից, եւ հաշվի առնելով ախտանիշների առկայությունն ու առողջական վիճակը»։