10 տարի հասարակության մեջ ձեւավորել են որոշակի պատկեր Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, որը բաղկացած է բազմաթիվ միֆերից, եւ ստեղծվել է մի ամբողջական պատկեր, որը եւս ամբողջությամբ միֆ է։ Այս մասին 168.am կայքում Սաթիկ Սեյրանյանի «Pressing» ծրագրի՝ «Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր» խորագրով հարցազրույցում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«Մարդկանց ներշնչել են մի միֆ, որ 2008 թվականի ընտրություններում հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց դա իրականության հետ աղերս չունի։ Միջազգային դիտորդների բոլոր զեկույցներն ընդհանուր առմամբ դրական են, թեեւ արձանագել են նաեւ խախտումներ։ Սահմանադրական դատարանի որոշումը մինչեւ հիմա ուժի մեջ է։ Այսինքն փաստերի համադրությամբ բոլորը գիտեն, որ նա չի հաղթել», ասել 2-րդ նախագահի պաշտպանը։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ին մարդկանց ամենալավ զգացմունքների վրա խաղացել են ամենակեղտոտ ձեւով։ Այդ ժամանակ, նրա խոսքով, իշխանությունն իրականում կանխել է պետության փլուզումը։

«Մարդկանց ասել են, թե ոստիկանությունը ներխուժել է Ազատության հրապարակ եւ մարդկանց ջարդել։ Բայց կան տվյալներ, տեսագրություններ, փաստեր, որ 10 օր շարունակ այնտեղ եղել են չարտոնված հավաքներ, որոնք իշխանությունն իրավունք ուներ ցրելու, բայց չէր ցրում։ Այնտեղ հայտարարում էին, որ պետք է կազմաքանդենք այս իշխանությունը, եւ այլն։ Պատկերացնո՞ւմ եք, հիմա մեկը հայտարարի այդպիսի բան, էլ պատերին կծեփեն, էլ ասֆալտին կփռեն, չգիտեմ ինչ կանեն։ 10 օր իշխանությունը բացարձակ հանդուրժողականություն է դրսեւորել։ Եթե գործի նյութերը տեսնեք, կիմանաք, որ տեղեկություններ են ստացվել, որ հավաքվածների մոտ կան զենքեր, եւ, որ ավելի վտանգավոր է՝ նռնակներ։ Պատկերացնո՞ւմ եք, դիտավորյալ կամ անփութորեն մեկը հավաքվածների մեջ պայթեցներ նռնակը։ ԱԱԾ-ն ոստիկանությանը փոխանցել է այդ տվյալները։ Շատ մանրամասներ մեզ ամիսներ առաջ են հայտնի  դարձել։ Ցույցերի կազմակերպիչներն աշխատանքներ էին տանում երկրապահների շրջանում, զորանոցներում, որպեսզի առանձին ստորաբաժանումներ կամ զորամասեր միանան շարժմանը, այսինքն՝ զինծառայողներ միանային Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարին։ Պաշտպանության երկու գործող փոխնախարարներ, ԵԿՄ-ում, նրանցից մեկն ի դեպ ԵԿՄ նախագահն էր, քարոզ էին տանում, որ պետք է միանալ Տեր-Պետրոսյանին։ Երկրապահների ղեկավար կազմում կար գործող բանակի 5 բարձրաստիճան սպա։ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր Մանվել Գրիգորյանի տնից վերադառնալու ճանապարհին։ Եվ տեսեք՝ զորքերի մեջ գնում էր քարոզ, որպեսզի առանձին զորամասեր միանան ցուցարարներին, պատկերացնում ե՞ք, ինչ տեղի կունենար, եթե ինչ-որ զորամասեր միանային ցուցարարներին։ Դրա դեմն առնելն իրականում կանխել է պետության փլուզումը։ Երբ ընդդիմադիր խավը կեսօրին մոտ հավաքվել է Մյասնիկյանի արձանի մոտ, հայտնվում է մի կին, որը երեխայի կոշիկ է թափահարում ու բղավում, թե առավոտյան 5-ին ոստիկաններն Ազատության հրապարակում 5 տարեկան երեխա են սպանել։ Դա հստակ տեխնոլոգիա է։ Այնտեղ մոմավառություն են անում այդ կոշիկի մոտ, այսինքն սցենար էր գրվել։ Այդ լուրը հերքել հնարավոր չէր, այն ժամանակ ինտերնետն այսքան ակտիվ չէր։ Ես էլ լինեի այնտեղ՝ ոստիկանները կդառնային իմ թշնամին։ Գալիս, մարդկանց ասում էին, թե ոստիկանները մարդ են գցել մեքենայի տակ, բայց կադրերով մենք տեսել ենք, չէ՞, որ մարդիկ ուզում են մեքենան գրավել, իսկ ոստիկանը արանք էր փնտրում մեքենայով փախչելու համար։ Մարդկանց ամենալավ զգացմունքների վրա ամենակեղտոտ ձեւով խաղացել են։ Մարդիկ եկել էին խաղաղ նպատակով, իրենց դժգոհությունը հայտնելու, բայց այդ տեխնոլոգիաներով մարդկանց հնարավոր եղավ դարձնել ոչ ադեկվատ», ասել է Հայկ Ալումյանը։

Զուգահեռներ տանելով 2018-ի հեղափոխության ժամանակ կիրառված տեխնոլոգիաների հետ, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռքի վիրակապի վրա արյան բիծը սրտիկի էր նմանեցվում եւ այլն, Հայկ Ալումյանն ասել է, որ խոսում է ոչ թե որպես տեխնոլոգիաների մասնագետ, այլ դրանց սպառող, քանի որ ըստ նրա, ինչպես 2008 թվականին, այնպես էլ 2018-ին դրանք ազդել են նաեւ իր վրա։

«Այդ նույն տեխնոլոգիան կիրառվեց, չէ՞, երբ մի ամբողջ զորամաս դուրս եկավ փողոց։ 2008-ին այդ նույն աշխատանքն էր տարվում, այն ժամանակ ծրագրված զարգացմուները մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ ուշ կանխելը կարող էր ճակատագրական լիներ պետության համար։ Եթե այն ժամանակ զարգացումները չկանխվեին՝ զինված զորախմբեր կհայտնվեին Ազատության հրապարակում»։