Թեհրանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սոցիալական հեռավորության միջոցառումների շրջանակներում երեկոյան նամազի համար հավատացյալներին մեկ տեղում հավաքելու հետաքրքիր միջոց են մտածել, ընդ որում՝ նրանք միմյանց հետ չպետք է շփվեն, հայտնում է RG-ը։

Իրանական մայրաքաղաքի արեւմտյան «Էրամ» այգում, որը տեղի գազանանոցի մոտ է, բացվել է մզկիթ, որի աշխատանքը կազմակերպված է ավտոկինոթատրոնի սկզբունքով։

Ամեն երեկո թեհրանցիները, որոնք մահմեդականների համար սուրբ ռամադան ամսում ցանկանում են հավաքվել Ղուրանի համատեղ ընթերցման եւ աղոթքների նպատակով, ավտոմեքենաներով մոտենում են այգու կայանատեղի։ Այնտեղ դրված է էկրան, որի վրա մզկիթի պատկերն է։ Այդպիսով հավատացյալները, դուրս չգալով ավտոմեքենաներից, կարող են հանգիստ պայմաններում մտովի հաղորդակցվել աստծո հետ՝ նայելով կրոնական տաճարին։

Ավտոկայանատեղիում աշխատում են միջոցառման կազմակերպիչները, որոնք զբաղվում են երթեւեկության կարգավորմամբ, ինչպես նաեւ հետեւում են սոցիալական հեռավորության պահանջների կատարմանը։