ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչենի գյուղապետ Վրեժ Ստեփանյանը։ 

«Շատ շփվող, աշխույժ տղա էր, բոլոր դրական հատկանիշներով օժտված։ 11 ամիս էր մոտ, ինչ ծառայում էր։ Ընդունվել էր Շուշիում վարժարան, հետո զորակոչվել բանակ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։

Զինծառայողը ծնողների միակ որդին էր, տան կրտսերը, ավագ քույր ունի։ Նրա մայրը գյուղի մանկապարտեզի տնօրենն է, հայրն աշխատում է Ջրային կոմիտեում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:  Հարուցվել է քրգործ  ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում)։