Ապրիլյան քննիչ հանձնաժողովը միայն ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ասածի վրա չի հիմնվում, ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի որակի վերաբերյալ կարեւոր եմ համարում ՊԲ հրամանատարի բացատրությունները։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հանձնաժողովի նիստը կարճ տեւեց, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Որովետեւ Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերի ամսից եւ նրան տրվելիք հարցերն առնչվել են սպառազինությանն ու թիկունքային ծառայությանը՝ այն ժամանակվա իր կողմից արված հայտարարությունների եւ հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել են արդեն իր վարչապետության ժամանակ՝ ինչ աշխատանքներ են կատարվել 2016 թվականից 2018 թվականներին։ Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի։ Ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորված Կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը։ Մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանն այնքանով, ինչքանով որ Կարեն Կարապետյանը պատասխանեց»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվել է իրենց հետաքրքրող հարցի պատասխանը. «Չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տրված պատասխանների վրա չի հենվում։ Հանձնաժողովը երբ հարցը տալիս է, դրա հետ կապված ինքն ունի նաեւ այդ 1 տարվա ընթացքում նաեւ ուսումնասիրություններ։ Ապրիլյանի հետ կապված բոլոր մանրամասները այս պահին գտնվում է ԱԺ շենքի՝ այս սենյակում»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ է անորակ դիզվառելիք, որը սպառազինության չաշխատելու պատճառ է հանդիսացել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հենվում է զինվորականների այն պատասխանների վրա, որոնք եղել են մինչեւ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը. «Շատ կարեւոր եմ համարել Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները։ Վստահաբար կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակի սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործե՛ մաքսիմալ, ինչքան որ կարողացել է»։

Հարցին՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազը հրավիրվե՞լու է ԱԺ քննիչ հանձնաժողով, որովհետեւ նա արձագանքել էր Կարեն Կարապետյանի՝ վառելիքի վերաբերյալ հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այդ հարցը մենք տվել ենք Կարեն Կարապետյանին։ Մեզ համար կարեւոր էր՝ ինքն ի՞նչ հանձնարարություններ է տվել։ Նա այդ տեսակետը հայտնել էր 2017 թվականի մարտի 1-ին եւ 2017 թվականի մարտի 13-ին եւ մեզ հետաքրքրիր էր՝ Կառավարությունն այդ տեսակետների հետ կապված ինչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, որպեսզի ճշտեին՝ ով է փոխանցել եւ դա ճշտեցինք։ Մենք գլխավոր դատախազին կհրավիրեինք, եթե մեր տեղեկատվության բազայի վրա ավելացնելու բան ունենա»։

Քոչարյանն ասաց, որ իրենց հրավիրյալների ցանկում ունեցել են նաեւ Հովիկ Աբրահամյանին. «Մենք, անկեղծ ասած, Հովիկ Աբրահամյանին ունեինք մեր ցանկի մեջ, որ մենք պիտի հրավիրեինք, բայց չեմ կարծում, որ ուսումնասիրման լրացուցիչ ավելացնելու է։ Հովիկ Աբրահամյանի մասով որոշում չունենք»։