Մենք պետք է զգուշորեն մոտենանք և բժշկական ճշգրտությամբ գնահատենք ցանկացած քայլ, որը կապված է երեխաների, նրանց սեռական անձեռնմխելիության հետ։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը՝ անդրադառնալով ԱԺ–ի կողմից վավերացված «Լանզարոտեի կոնվենցիա»–ի դրույթների կիրառությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօր` մայիսի 11–ին, 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ  վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Լանզարոտեի կոնվենցիա»), դառնալով ԵԽ անդամ 45–րդ պետությունը, որն իր համաձայնությունն է հայտնել ստանձնել Կոնվենցիայում ամրագրված դրույթները։

Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: Այսպիսով Հայաստանը պարտավորություն է ստանձնել՝ ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում:

Շատ իրավաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, հոգևորականներ, պարզապես ծնողներ ահազանգում են, որ  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը հակառակ էֆեկտն է ունենալու և ավելի խոցելի է դարձնելու երեխաներին։ Բանն այն է, որ  կոնվենցիայի միջոցով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որպես խտրականության արգելքի կարգավիճակ:

Սակայն բուռն քննադատությունների տեղիք է տվել հատկապես կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ համաձայն որի, «յուրաքանչյուր կողմ  պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»։ Շատ մանկավարժներ և ծնողներ կասկածներ են հայտնում, որ նման կրթական ծրագրերի ներդրումը երեխայի մոտ անառողջ հետաքրքրություն կարող է առաջացնել:

Դավիթ Թումասյանի խոսքով՝ այն, որ  կոնվենցիան վավարեցվել է, արդեն իսկ արձանագրված փաստ է, մնում է հետամուտ լինել, որպեսզի պետությունն այնպիսի քայլեր ձեռնարկի և այնպիսի մեխանիզմներ մշակի, որպեսզի հակառակ էֆեկտը չունենանք։

Փորձագետի կարծիքով՝ չի կարելի աչք փակել Հայաստանում արձանագրված՝  անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին.

«Հայաստանում սեռական բռնության ենթարկված ամենակրտսեր երեխան եղել է 4 տարեկան, այսինքն միայն այն փաստը, որ այդ տարիքի երեխայի նկատմամբ կատարվել է անառակաբարո գործողություն, ենթադրում է, որ պետք է կանխարգելիչ գործողությունները սկսվեն իրականացվել հենց 4 տարեկան երեխայի պարագայում, սակայն դա պետք է իրականացնի մասնագետը և պետք է իրականացվի այն եղանակով, որ երեխայի մոտ չառաջանան ավելի շատ հետաքրքրություններ, քան  իր տարիքային խմբի համար հասկանալի լեզվով ներկայացված նյութը։ Եթե երեխային այդ ամենը ներկայացվի շատ սխալ ձևով, բնականաբար կհանգեցնի ծանր հետևանքների»։

Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ խնդրահարույց բովանդակությամբ նյութերը չեն ներմուծվի դպրոցներ և հանրությանը հայտնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ջատագով ՀԿ-ները երեխաների սեռական պաշտպանության քողի տակ չեն մտնի դպրոցներ և չեն  «լուսավորի» երեխաներին՝ նրանց ակամա խոցելի դարձնելով, Թումասյանը պատասխանեց.

«Այս գործընթացի վերահսկողն ու պատասխանատուն պետությունն է՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որը նախակրթական կամ տարրական դասարանների երեխաների համար չպետք է թույլատրի այնպիսի դասագրքիրք, որը գրված է նրանց համար  ոչ հասկանալի լեզվով, իրենց տարիքային խմբին ոչ համափաչ տեղեկատվություն է ներկայացված, այսինքն նախարարությունը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որպեսզի չվնասի և խոցելի չդարձնի երեխաներին»։

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «Լանզարոտեի կոնվենցիայի» վավերացումը խնդիրը կարգավորելու գործում որոշիչ նշանակություն չի ունենալու, քանի որ գործող իրավակարգավորումները բավարար են երեխաներին պաշտպանելու սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, իրավաբանն արձագանքեց.

«Եթե նայենք Հայաստանում երեխաների պաշտպանության գործող համակարգին, ապա կարող եմ փաստել, որ այն բավարար չէ երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելու համար։ 2010-2011 թթ Հայաստանում քննարկվում էր մանկապիղծների նկատմամբ քիմիական ստերջացման եղանակով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը, սակայն այդպես էլ այն իրականություն չդարձավ, ինչպես նաև քննարկվում էր այն մեխանիզմը, որ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարող անձինք հնարավորություն ունենան մասնակցելու տարբեր միջամտության ծրագրերի, մասնավորապես հոգեբանների, սակայն մեր ազգային օրենսդրությամբ նման մեխանիզմներ նախատեսված չեն։ Հայաստանի Քրեական օրենսգրքում, որպես հանցատեսակ արտացոլված են «անառակաբարո գործողությունները», սակայն քրեականացված չէ սիրային հետամտումը (մեկ այլ անձի դեմ դիտավորյամբ շարունակաբար կատարվող սպառնալից գործողությունները, որոնք այդ անձի մոտ վախ են հարուցում սեփական անվտանգության համար), որը անառակաբարո գործողության նախապատրաստական փուլն է։ Իսկ սիրային հետամտումը քրեականացնելով, մենք կունենանք երեխայի ավելի լայն պաշտպանություն նաև սեռական ենթատեքստ պարունակող որոշակի  գործողություններից»,–ասաց նա։

Դավիթ Թումասյանի համոզմամբ՝ ցանկացած կոնվենցիա, որը վերաբերվում է մարդու, առավել ևս երեխայի սեռական  իրավունքներին, հնարավոր չէ, որ պրակտիկայում որոշակի խնդիրների չհանգեցնի։

«Այն, որ մենք կոնվենցիան վավերացրել ենք, նշանակում է, որ արդեն իսկ այն նոր մարտահրավեր է Հայաստանի համար, և արդեն պետական մարմինների խնդիրն է դառնալու չեզոքացնելը այն բոլոր ռիսկերն ու մտավախությունները, որոնց մասին բարձրաձայնում են»,–ասաց իրավաբանն ու հավելեց.

«Երբ միջուկային էներգիան ստեղծեցին, ոչ ոք չէր էլ  ենթադրում, որ դրանից կարելի էր սարքել ատոմային ռումբ, այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե կոնվենցիան կիրառելիս ինչպիսի ներպետական օրենսդրություն կձևավորեն, և մասնագետները՝ սկսած ուսուցիչներից, վերջացրած պատկան մարմիններով, ինչպես այն կիրագործեն»։

Դավիթ Թումասյանի համոզմամբ՝ ամենալավ օրենքը կարելի է այնքան վատ կիրառել, որ մենք ունենանք բացասական արդյունք և հակառակը։