ԱՄՆ վարչակազմը դաշնային կենսաթոշակային հիմնադրամին խորհուրդ է տվել հրաժարվել ավելի քան 4 մլրդ դոլարի չինական ներդրումներ կատարելու իր ծրագրից, հայտնում է AP-ը։

Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լարի Քուդլոուն եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը նամակ են գրել աշխատանքի նախարար Յուջին Սկալիային՝ կոչ անելով հորդորել կենսաթոշակային հիմնադրամին փողեր չներդնել չինական բաժնետոմսերի մեջ: Նրանք նախազգուշացրել են, որ նման ներդրումները լուրջ մտահոգություն են առաջացնում ազգային անվտանգության եւ մարդասիրական խնդիրների առնչությամբ, քանի որ դրանք խախտում են ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը եւ օգնում են Չինաստանին ամրապնդել իր զինված ուժերը ու ճնշել երկրում ապրող կրոնական փոքրամասնություններին:

Սկալիան նամակ է հղել Կենսաթոշակային ներդրումների դաշնային խորհրդին՝ խնդրելով հրաժարվել չինական բաժնետոմսերին գումար փոխանցելու իր ծրագրից:

2017թ․ նոյեմբերին տնօրենների խորհուրդը ընտրել է նոր բազային ինդեքս՝ իր միջոցների մի մասը զարգացող, այդ թվում՝ Չինաստանի, շուկաների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու համար: Խորհուրդը գնահատել է այս որոշումը անցյալ տարի այն բանից հետո, երբ մի խումբ սենատորներ մտավախություն են հայտնել, որ այս ներդրումից օգտվող ընկերությունները «կներառեն Չինաստանի կառավարության կողմից ռազմական գործողությունների, լրտեսության եւ մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավվածներին»,- գրում է Սկալիան:

Խորհուրդը հրաժարվել է չեղարկել իր որոշումը, եւ ակնկալվում է, որ առաջիկայում հիմնադրամը մինչեւ 4,5 միլիարդ դոլար կներդնի չինական բաժնետոմսերի մեջ: