Մոտ ժամանակներս ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների միջեւ լարվածությունը կարող է կրկին սրվել, քանի որ կորոնավիրուսի համավարակը լրացուցիչ պետական ծախսեր է առաջացնում, կարծում են փորձագետները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ քննադատում էր դաշինքի մյուս անդամներին՝ ՀՆԱ-ի 2%-ի չափով պաշտպանական ծախսերի ցուցանիշը չկատարելու համար: Այնուամենայնիվ, բանավեճերը մի քիչ պակասել են վերջին մեկ տարվա ընթացքում, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները զգալիորեն մեծացրել են իրենց ծախսերը այս ոլորտում: Սակայն, շարունակվող համավարակը ավելացնում է պետական ծախսերը, եւ մասնագետները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի պաշտպանական բյուջեների կրճատմանը:

ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրներից 9-ը 2019-ին հասել են 2%-ի նպատակային ցուցանիշին: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականից միայն երեք երկիր է հասել այդ շեմին՝ Միացյալ Նահանգները, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան։

Ապրիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ «Covid-19 համավարակը տնտեսական հետեւանքներ կունենա»: «Կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան լուրջ կլինեն այդ հետեւանքները, քանի որ դա կախված կլինի նրանից, թե որքան կտեւի ճգնաժամը»,- ասել էր նա մամուլի ասուլիսում: Ըստ նրա, դաշինքն իր ռազմական հնարավորություններն օգտագործել է ներկա ճգնաժամի ընթացքում երկրներին աջակցելու համար:

Գերմանիան՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը, Թրամփի կողմից քննադատության թիրախ էր դարձել պաշտպանության համար 2%-ից քիչ ծախսերի պատճառով։ Բեռլինը ավելացրեց իր մուծումները ՆԱՏՕ-ին, սակայն  դրանք դեռեւս չեն հասել 2019 թվականի նպատակին:

2018-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թրամփն առաջարկել էր ծախսերի ցուցանիշը հասցնել 4%-ի՝ վճարումները մեծացնելու համար: Կարծիք կա, որ վերընտրվելու դեպքում Թրամփը կարող է կրկնել այդ առաջարկը:

ՆԱՏՕ-ի վրա համավարակն այլ երկարաժամկետ հետեւանքներ եւս կունենա:

ՆԱՏՕ-ն վերապրեց նախորդ ճգնաժամը, նշել է ՆԱՏՕ-ի նախկին աշխատակից Ջեյմի Շին, սակայն այս համավարակը «կազդի համերաշխության վրա»։