Կորոնավիրուսային ճգնաժամը արմատապես կփոխի համաշխարհային առեւտուրը, քանի որ ընկերությունները ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունը չինական արտադրությունից: Համավարակը հետ կշրջի գլոբալիզացիան՝ արագացնելով շարժումը դեպի մատակարարումների տարածաշրջանային շղթաներ, ասվում է Economist Intelligence Unit-ի զեկույցում:

Միջազգային առեւտրում Չինաստանի գերակայությունը աճել է այն պահից, երբ երկիրը 2001 թվականին ներառվեց ԱՀԿ-ի կազմում: Այս իրադարձությունը EIU-ի կողմից ճանաչվեց որպես գլոբալիզացիայի վերջին ալիք, քանի որ բազմազգ ընկերությունները օգտվեցին երկրում արտադրության եւ պահանջարկի հնարավորություններից:

«Սակայն Covid-19-ի հետեւանքով, շատ հավանական է, որ գլոբալիզացիայի այս ժամանակահատվածը ոչ միայն կանգ առնի, այլեւ հետ կշրջվի»,- ասվում է զեկույցում՝ նշելով, որ չին-ամերիկյան առեւտրային պատերազմը եւ Չինաստանում աշխատավարձերի բարձրացումը արդեն իսկ դրդել են որոշ ձեռնարկությունների մատակարարման շղթաները տեղափոխել Ասիայի մյուս մասեր:

«Դրա արդյունքը կլինի մատակարարումների ասիական ցանցը, որն ավելի քիչ կողմնորոշում կունենա դեպի Չինաստան եւ ավելի բազմազան կլինի»,- ասվում է զեկույցում:

Չինաստանից այդ հեռացումը կվկայի ավելի լայն միտման մասին, քանի որ գլոբալ ընկերությունները, կորոնավիրուսով պայմանավորված, մատակարարումների հետ կապված ցնցումից հետո իրենց կայունությունը բարձրացնելու ուղիներ են փնտրում:

Մատակարարման շղթաների ստեղծման կամ տեղաշարժի դժվարությունների պատճառով, հատկապես ավտոմոբիլային ոլորտում, շատ հավանական է, որ նշանակալի փոփոխությունները մշտական դառնան։

«Այն բանից կախված, թե ինչպես ավելի շատ ընկերություններ կընդունեն այդպիսի որոշում, տարածաշրջանային մատակարարման շղթաներին անցումը կլինի այս ճգնաժամի կայուն արդյունքը»,- ասվում է զեկույցում:

Բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են դեղագործությունը, գյուղատնտեսությունը եւ էներգետիկան, գլոբալ առողջապահական ճգնաժամի պայմաններում ճնշման տակ են հայտնվել, քանի որ դրանց կախվածությունը այնպիսի տնտեսությունից, ինչպիսին Չինաստանինն է, եւ միջազգային լոգիստիկայի հետ կապված խնդիրները ճնշում են գործադրել մատակարարումների շղթայի վրա: Չորեքշաբթի EIU-ն նշել է, որ կորոնավիրուսի համավարակը միակ խնդիրը չէ, որը ընկերություններին կստիպի վերանայել իրենց մատակարարումների շղթաները:

Վերլուծաբանները նաեւ ընդգծել են, որ կլիմայի փոփոխությունը ընկերությունների համար ավելի ու ավելի մեծ նշանակություն ձեռք կբերի՝ կանխատեսելով, որ մինչեւ 2050 թվականը համաշխարհային տնտեսությունը կնվազի 3%-ով, քանի որ աճում են բնապահպանական խնդիրները, ինչպիսիք են բնական լուրջ աղետները:

Շուկային հետեւող մասնագետները գլոբալիզացիայի տապալում էին կանխատեսում դեռեւս մինչեւ Covid-19-ի բռնկումը: