Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները:

«Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, եւ դա մեր քաղաքական կարեւոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոոլորտներից մեկը: Այդ պատճառով նաեւ մենք կառավարության կառուցվածքում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել՝ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգ:

Եվ շատ կարեւոր է արձանագրել, այս ընթացքում ինքս էլ անձամբ համոզվել եմ, որ այս խնդրի լուծման համար մտավոր եւ գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա: Եվ հիմա այդ ներուժի իրացման համար երկու կարեւոր կոմպոնենտ մենք պետք է կարողանանք պատշաճ մակարդակով ապահովել: Առաջինը կամ թվարկման հերթականությունը գուցե պատեհ չէ այստեղ, որովհետեւ, ըստ էության, զուգահեռ պետք է տեղի ունենան այդ երկուսը. խոսքը արտադրական հզորությունների եւ արտահանման ենթակառուցվածքների ձեւավորման մասին է:

Իհարկե, սա երկարաժամկետ եւ ռազմավարական քննարկման խնդիր է: Այս փուլում մեզ համար կարեւոր է, որ կարողանանք մեր ներքին ռազմական կարիքների պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման ընթացքում ճիշտ եւ արդյունավետ որոշումների գանք, որպեսզի միեւնույն ժամանակ լուծենք երկու խնդիր. նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում եւ մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները»,- նշել է վարչապետը:

Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք միտված են եղել աշխատանքային որոշակի համակարգեր եւ մեխանիզմներ ստեղծելուն, առաջացած խնդիրներն ու  դրանց լուծման հնարավորությունները: